Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին

7 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

- Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է.

ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:

գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից:

Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։

- Ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է կրկին արտահայտել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

- Կարևոր է գնահատել, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։ Այն հետևել է 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու և Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում։ Ողջունում ենք նաև առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը։ Տեղին է նաև հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից:

- Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։

- Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Իրավունք

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում