Միջազգային

ԵՄ-ն հերքել է «Կրոկուս»-ի ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության մասին պնդումները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հերքել է «Կրոկուս»-ի ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության մասին պնդումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մեջ մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Ստանոն հերքել է Ուկրաինային ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ չկա որևէ ապացույց, որը կվկայի նրա մասնակցությունն այդ ահաբեկչության մեջ։

ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Մոսկվային նաև կոչ է արել չօգտագործել ահաբեկչությունը որպես պատրվակ Ուկրաինայում ռազմական գործողություններն ակտիվացնելու համար։

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։

ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում