Միջազգային

Իտալիայում կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները Մոսկվայում իրականացված ահաբեկչությունից հետո

2 րոպեի ընթերցում

Իտալիայում կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները Մոսկվայում իրականացված ահաբեկչությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ուժեղացնել հակաահաբեկչական միջոցառումները՝ հաշվի առնելով Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Համապատասխան որոշումն ընդունվել է անվտանգության հարցերով ազգային կոմիտեի նիստում։ Ենթադրվում է, որ միջոցառումները թույլ կտան ավելի արդյունավետորեն ապահովել անվտանգությունը, մասնավորապես, կաթոլիկների Զատկի տոնի ժամանակ։

«Հանդիպման մասնակիցները ուշադիր վերլուծել են Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ վերլուծությունն անհրաժեշտ էր ահաբեկիչներից պաշտպանվելու՝ ավելի վաղ սահմանված միջոցները կատարելագործելու համար»,- նշել են Իտալիայի ներքին գործերի նախարարությունում:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ կառավարությունը ձգտում է համաքաղաքացիներին ավելի արդյունավետորեն պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից։

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում (խմբ․՝ Ռուսաստանում) և փորձում ենք հնարավորինս լավ պաշտպանել իտալացիներին», - ասել է Տայանին տեղական ռադիոյի եթերում:

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում