Միջազգային

ԵՄ ղեկավարներն Իսրայելին կոչ են արել զերծ մնալ Ռաֆահում ցամաքային գործողություն ձեռնարկելուց

2 րոպեի ընթերցում

ԵՄ ղեկավարներն Իսրայելին կոչ են արել զերծ մնալ Ռաֆահում ցամաքային գործողություն ձեռնարկելուց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում՝ կոչ անելով կայուն հրադադարի և Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ երկրների ղեկավարների հայտարարության մեջ։

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ մարդասիրական դադար հաստատել, որը պետք է հանգեցնի կայուն հրադադարի, բոլոր պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության մատակարարման», - ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված հայտարարության մեջ։

Եվրոպական խորհուրդը նաև Իսրայելի կառավարությանը կոչ է անում «ցամաքային գործողություն չձեռնարկել Ռաֆահում»` Գազայի հատվածի հարավում, քանի որ դա «կվատթարացնի արդեն իսկ աղետալի հումանիտար իրավիճակը»։

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ապաստանել է ավելի քան 1 միլիոն պաղեստինցի։

Եվրոպական խորհուրդը նաև հայտարարել է, որ աջակցում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը, որի մի քանի անդամների մեղադրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցելու մեջ։ Եվրոպական խորհուրդը ողջունել է ՄԱԿ-ի կողմից այս մեղադրանքների առնչությամբ ներքին հետաքննության անցկացումը։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 000-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում