Միջազգային

ԵՄ ղեկավարները սպառնացել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի, Բելառուսի և ԿԺԴՀ-ի դեմ՝ ՌԴ-ին օգնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ ղեկավարները սպառնացել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի, Բելառուսի և ԿԺԴՀ-ի դեմ՝ ՌԴ-ին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն սպառնացել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԵՄ երկրների ղեկավարների տարածած հայտարարության մեջ։

«Եվրոպական խորհուրդը ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի ընդունումը: Այն կոչ է անում ձեռնարկել հետագա քայլեր՝ պատերազմ վարելու Ռուսաստանի ունակությունը թուլացնելու համար, ներառյալ պատժամիջոցների խստացում», - ասված է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված հայտարարության մեջ։

Բացի այդ, Եվրոպական խորհուրդը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին կոչ է անում պատրաստել նոր պատժամիջոցներ Բելառուսի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատամբ, որոնք, ենթադրաբար, օգնել են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

ԵՄ-ն նաև խոստանում է միջազգային գործընկերների հետ համակարգված կերպով «նոր և լուրջ սահմանափակող միջոցներ» կիրառել Իրանի դեմ, եթե Թեհրանը Մոսկվային մատակարարի բալիստիկ հրթիռներ։

ԵՄ ղեկավարները նաև Եվրահանձնաժողովին հանձնարարել են բարելավել աշխատանքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «Ռուսաստանի հասանելիությունը կարևորագույն ռազմական բաղադրիչներին և տեխնոլոգիաներին պետք է հնարավորինս սահմանափակվի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում