Միջազգային

Սարատովի և Բելգորոդի մարզերը ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

2 րոպեի ընթերցում

Սարատովի և Բելգորոդի մարզերը ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքը լույս մարտի 20-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի գրոհի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը։

Նրա խոսքով՝ անօդաչուները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգով, որն «աշխատել է ժամանակին և արդյունավետորեն»։

«Նախնական տվյալներով` ընկնող բեկորների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան», - գրել է Բուսարգինը:

Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ռազմական աերոդրոմ է գտնվում, որտեղ բազավորված են ռուսաստանյան ռազմավարական ռմբակոծիչներ։ Աերոդրոմն արդեն մի քանի անգամ գրոհների է ենթարկվել ԱԹՍ-ների կողմից։

Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Բելգորոդ քաղաքի նոր գնդակոծության հետևանքով դեռահաս է վիրավորվել, որին տեղափոխել են հիվանդանոց։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 11։30-ին մոտ ՀՕՊ միջոցները Բելգորոդի մարզում խոցել են RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 13 հրթիռ։

Իսկ Խերսոնի մարզի ուկրաինական իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը հարձակում են իրականացրել քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաների վրա՝ հանգեցնելով 2 զոհի։

«Ըստ նախնական տվյալների՝ գնդակոծության հետևանքով 2 տղամարդ է զոհվել», - գրել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինն իր Telegram ալիքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում