Միջազգային

Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել մինչև տարեվերջ կառավարության ֆինանսավորման շուրջ

2 րոպեի ընթերցում

Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել մինչև տարեվերջ կառավարության ֆինանսավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել ընթացիկ ֆինանսական տարում վարչակազմի ֆինանսավորման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահի անունից հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Մենք Կոնգրեսի առաջնորդների հետ հետագա գործողությունների շուրջ համաձայնության ենք եկել ամբողջ տարվա ֆինանսավորման վերաբերյալ մնացած օրինագծերի հարցում: Ներկայացուցիչների պալատը և Սենատն այժմ աշխատում են փաթեթի պատրաստումն ավարտելու վրա, որը կարող է արագ ինձ ներկայացվել, և ես այն անմիջապես կստորագրեմ», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, օրենսդիրներին ժամանակ է պետք օրինագծի տեքստի հետ աշխատանքն ավարտելու համար։ Ներկայացուցիչների պալատում գործում է կանոնակարգ, որի համաձայն՝ կոնգրեսականներին քվեարկությունից առաջ 72 ժամ է տրվում օրինագիծը քննարկելու համար, իսկ մի քանի առանցքային հաստատությունների ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը լրանում է մարտի 22-ի կեսգիշերին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ համապատասխան հանձնաժողովներն այժմ աշխատում են օրինագծի տեքստի վրա, որը կքննարկվի «հնարավորինս շուտ»։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը` նշելով, որ Կոնգրեսը փաթեթը կքննարկի «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում