Հասարակական

Երևանի մի շարք փողոցներում ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն. մանրամասնում է Արթուր Խալաթյանը

2 րոպեի ընթերցում

Երևանի մի շարք փողոցներում ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն. մանրամասնում է Արթուր Խալաթյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակում Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով: Այս ուղղությամբ առաջին քայլն իրականացվել է դեռ 2023 թվականի մարտին՝ Մոսկովյան փողոցում: Այս տարի ծրագիրը լայն թափով կշարունակվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը նշեց, որ Երևանում ծառերի փոխարինումը ունի գիտական հիմքեր և միտված է Երևան քաղաքում դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը, շրջակա միջավայրի կայունացմանն ու երիտասարդացմանը:

HM2_6894.jpg (620 KB)

Արթուր Խալաթյանն, անդրադառնալով «Բալենի» (Սակուրա) տեսակի ծառեր տնկելու շուրջ բարձրացած աղմուկին, նշեց, որ ձեռք բերված մեծաքանակ ծառերի մեջ բալենիները կազմում են շուրջ 15-20 տոկոս, իսկ փողոցների փոխարինման ծրագրում բալենիներ կտնկվեն ընդամենը մեկ կամ 2 փողոցում:

HM2_6917.jpg (967 KB)

«Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հատվող ծառերը փոխարինվելու են նորերով և որպես ապացույց կարող են դիտարկել նախորդ աշխատանքները: Նշեմ, որ այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել թե՛ բնակիչների, թե՛ քաղաքական ուժերի հետ, հաշվի են առնվել բոլոր առաջարկներն ու մտահոգությունները»,- նշեց նա:

HM2_6903.jpg (974 KB)

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ծառերի փոխարինումը կարող է ազդել քաղաքի կոլորիտի վրա, Արթուր Խալաթյանը նշեց, որ փոխարինվում են թեղի մանրատերև տեսակի ծառերը, որոնք քաղաքի կոլորիտ չեն հանդիսանում: Նա ընդգծեց, որ Երևանի կոլորիտ են համարվում Արևելյան սոսին, Ամառային կաղնին, որոնք աշխատակիցները շատ զգուշությամբ պահում են, անգամ էտումներն են զգուշորեն իրականացնում:

Ծառերի թարմացմանը բնակիչները դրական են արձագանքում՝ նշելով, որ արդեն իրենց կյանքն ապրած ծառատեսակներից մի շարք անհարմարություններ էին լինում։

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում