Միջազգային

Իրանը և ԱՄՆ-ն չեն քննարկել անվտանգության իրադրությունը Կարմիր ծովում. IRNA

2 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն չեն քննարկել անվտանգության իրադրությունը Կարմիր ծովում. IRNA

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Օմանում, վերաբերել են սոսկ հակաիրանական պատժամիջոցների վերացման հարցին, խորհրդակցություններում չի քննարկվել նավարկության անվտանգության իրադրությունը Կարմիր ծովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Իրանցի աղբյուրը մերժել է Financial Times պարբերականի աղբյուրների այն պնդումները, թե Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Օմանում քննարկել են Կարմիր ծովում վերջին զարգացումները։

IRNA -ի աղբյուրը կարծում է, որ ԱՄՆ-ն «դիմում է քարոզչական արշավների, որպեսզի փոխհատուցի իր դիվանագիտական ձախողումները»։ Նա նշել է, որ Իրանի համար միշտ առաջնահերթ խնդիր է եղել պատժամիջոցների վերացման հարցը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Financial Times-ի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ՝ փորձելով համոզել Թեհրանին՝ օգտագործել իր ազդեցությունը Եմենում հութիների շարժման վրա, որպեսզի նրանք դադարեցնեն Կարմիր ծովով անցնող նավերի գրոհները:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում