Մարս տանող ճանապարհի կանգառներից մեկը Հայաստանն է. Երևակայական Մարս՝ Արմաշում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց անալոգ տիեզերագնաց մինչև ապրիլի 5-ը մեկուսացած կմնա Հայաստանի Արմաշ գյուղում կառուցված անալոգային տիեզերակայանում՝ ուսումնասիրություններ անելու համար:

«Արմենպրես»-ը զրուցել է անալոգ տիեզերագնացների հետ:

Ավստրիական տիեզերական ֆորումը 3 տարին մեկ իրականացնում է AMADEE Մարսի անալոգային գիտական առաքելությունը, որի նպատակը դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելն է: Կարմիր մոլորակի հետազոտությունն ու տիեզերագնացները կոչվում են անալոգային, քանի որ ոչ մեկն իրականում տիեզերք չի գնում՝ փոխարենը փորձ է կուտակում:

«Ես գիտեմ, որ մենք շատ սխալներ ենք անելու, և դա այն է՝ ինչի համար այստեղ ենք: Մեր նպատակը ձախողվելն է, հնարավորինս շատ ու էժան: Հավաքել արագություն ու աճել», -ասաց Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը:

2013-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015-ին՝ Ավստրիայում, 2018-ին՝ Օմանում եւ 2021-ին՝ Իսրայելի Նեգեւ անապատում: 2024 թվականի թեկնածու երկրների շարքում եղել են նաեւ Ավստրալիան, Եգիպտոսն ու Թունիսը. հյուրընկալող երկիր ընտրվել է Հայաստանը։

«Ճիշտն ասած՝ մեր ռադարներում Հայաստանը չկար, բայց մտածեցինք նայել, հետազոտեցինք արբանյակային նկարները, տեղում ուսումնասիրեցինք: Պարզեցինք Մարսի նմանության շատ տեղեր կան ու որոշեցինք, որ սա իրոք հրաշալի ընտրություն է»,-պատմեց Գրյոմերը:

AMADEE-24 առաքելության հայկական կողմի նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանն ասում է՝ Մարսի ծրագրի տիեզերակայանի համար հարմար վայր են փնտրել Արագածոտնում, Կոտայքում և Արարատում, վերջում կանգ են առել Արմաշի վրա: Ընդգծում է՝ այստեղից օտարերկրյա տիեզերագնացների համար դեպի Արարատ հիանալի տեսարան է բացվում: Մոտ 200 քմ մարսյան բազան է ու հեկտարներով Մարսը:

«Մարս առաքելություն ուղարկելը քաղաքակրթության հաջորդ աստիճանի սկիզբն է: Սա մեծ հնարավորություն է մեր գիտնականների համար, կարող են կապեր հաստատել եվրոպացի գիտնականների հետ: Դպրոցականներն էլ կսկսեն ավելի մեծ երազել»,- նշեց Ասլանյանը:

Անալոգային տիեզերագնաց Սիմոնե Պետերնոստրոն, որն AMADEE-24 վեց հոգանոց թիմի անդամներից է, ընդգծեց, որ առաքելության հիմնական նպատակը գիտելիք, փորձ կուտակելն է:

«Մենք պետք է կարողանանք խթանել տիեզերական հետազոտության հայեցակարգը, քանի որ տիեզերական հետազոտությունը դժվար է իրական ժամանակում իրականացնել: Նման առաքելությունները պետք է շատ անցկացվեն՝ ներգրավելով մեդիային՝ հուսալով, որ հետաքրքիր կներկայացվի մեր արածը: Այսպիսով` ապագա սերունդը դպրոցներում նոր դասընթացներ անցնելու հնարավորություն կունենա: Հետաքրքրություն կծնվի գիտության և տեխնոլոգիաների հանդեպ»,- մանրամասնեց AMADEE-24 առաքելության անդամը:

Թիմի մեկ այլ անդամ Թոմաս Վեյնեն էլ նշեց, որ Կարմիր մոլորակն ուսումնասիրելու գործընթացի մասնիկ է ցանկացել լինել դեռ վաղուց: Իսկ առաքելությանը մասնակցելը հիանալի հնարավորություն է համարում իր երազանքին ավելի մոտ գտնվելու ճանապարհին: Երիտասարդ սերնդին հաստատակամ խորհուրդ է տալիս՝ պետք է հետևել երազանքներին: Հայաստանի մասին էլ անալոգ տիեզերագնացը դեռ վաղուց էր լսել:

«Ես լսել եմ, որ Հայաստանն ունի ներդրում աստղագիտության ոլորտում: Լսել եմ Վիկտոր Համբարձումյանի մասին ու ծանոթ եմ նրան: Նաև գիտեմ որ Հայաստանը ներդրում ունի առաջին մարսագնացի (Rover) կառուցման և դիզայնի մեջ: Կարծում եմ, սրանք ազդեցիկ պատմություններ են»,- պատմեց Թոմաս Վեյնեն:

Թե երբ մարդը ոտք կդնի կարմիր մոլորակ, տիեզերագնացներն ու գիտնականները հստակ ասել չեն կարողանում, բայց գիտեն, որ պատմական այդ օրը սարերի հետևում չէ: Վստահ են` եթե իրենք չլինեն առաջին մարսագնացները, ապա կտեսնեն այն մեկին, ով ոտք կդնի այդ մոլորակ:

«Մարսի վրա առաջինը ոտք դնող մարդն արդեն ծնվել է և հիմա գուցե Երևանում դպրոց է հաճախում: Ո՞վ գիտի: Դեպի Մարս տանող ճանապարհի մի մասը լինելու է կարմիր-սպիտակ-կարմիր՝ ինչպես Ավստրիայի դրոշը, բայց մի մասն էլ լինելու է կարմիր-կապույտ-ծիրանագույն՝ ինչպես Հայաստանի դրոշը»,-եզրափակեց Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրենը:

Այսպիսով` Մարս տանող ճանապարհի առաջին քայլերը դրվում են նաև Հայաստանում:

Կարինե Տերտերյան

Նկարները՝ Հայկ Մանուկյանի և Գևորգ Պերկուպերկյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում