Միջազգային

Նեպալում ցուցարարները պահանջում են թագավորի վերադարձը գահին

2 րոպեի ընթերցում

Նեպալում ցուցարարները պահանջում են թագավորի վերադարձը գահին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նեպալում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ պահանջելով թագավոր Գյանենդրա Շահի վերադարձը։ Թագավորը տասնվեց տարի առաջ զանգվածային ցույցերի պատճառով հրաժարվել էր գահից, և երկրում ստեղծվել էր հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կրկին ցույցեր են տեղի ունենում․ այս անգամ ցուցարարները պահանջում են, որ Գյանենդրա Շահին վերադարձվի գահը, իսկ հինդուիզմը հայտարարվի պետական կրոն: Միապետությանը կողմնակից խմբերը մեղադրում են երկրի հիմնական քաղաքական կուսակցություններին կոռուպցիայի և ձախողված կառավարման մեջ՝ պնդելով, որ մարդիկ հիասթափված են քաղաքական գործիչներից:

Մինչև 2005 թվականը Գյանենդրա Շահը պետության ղեկավարն էր, բայց չուներ գործադիր կամ քաղաքական լիազորություններ։ Սակայն 2005 թվականին նա ցրեց կառավարությունը և խորհրդարանը, բանտարկեց քաղաքական գործիչներին և լրագրողներին, երկրում արտակարգ դրություն հայտարարեց և վերադարձրեց բացարձակ իշխանությունը։

Հազարավոր մարդիկ 2006 թվականին ցույցերի դուրս եկան՝ ստիպելով իշխանությունը վերադարձնել խորհրդարանին, իսկ 2008 թվականին խորհրդարանը քվեարկեց միապետությունը վերացնելու օգտին, և Գյանենդրան հեռացավ պալատից։

Բազմաթիվ նեպալցիներ, սակայն, գտնում են, որ հանրապետությանը չի հաջողվել քաղաքական կայունություն բերել երկրին, և որ ընտրված քաղաքական գործիչները չեն լուծում երկրի խնդիրները:

Չնայած ցույցերին, երկրի խոշոր քաղաքական կուսակցությունները մերժել են թագավորի՝ իշխանության վերադառնալու հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում