Միջազգային

Գերմանիայում գործադուլ են անում գնացքների մեքենավարներն ու օդանավակայանների անձնակազմերը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում գործադուլ են անում գնացքների մեքենավարներն ու օդանավակայանների անձնակազմերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում մարտի 7-ին երկրի մեքենավարների GDL արհմիությունն սկսել է մարդատար երկաթուղային տրանսպորտի հերթական գործադուլը, որը կտևի 35 ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլը պաշտոնապես սկսվել է գիշերվա ժամը 02:00-ին և կընդգրկի Գերմանիայի միջքաղաքային ու տարածաշրջանային երկաթուղային փոխադրումների մեծ մասը։ Բոլոր գնացքների միայն մոտավորապես մեկ հինգերորդն է աշխատելու երկու օրվա ընթացքում:

Իսկ մարտի 6-ի երեկոյան նման գործադուլ են սկսել բեռնատար փոխադրամիջոցների աշխատողները։ Գործադուլը բեռնատար փոխադրամիջոցների համար կշարունակվի մինչև մարտի 8-ի առավոտյան ժամը 05։00-ն, իսկ մարդատար փոխադրամիջոցների համար՝ մինչև այդ նույն օրվա ժամը 13։00-ը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր արհմիության ղեկավար Կլաուս Վեզելսկին, գործադուլը կազմակերպվել է՝ ի պատասխան շաբաթվա սկզբին Deutsche Bahn-ի (DB) հետ անհաջող բանակցությունների, որոնք պետք է տևեին մինչև մարտի 10-ը։ Երկաթուղային ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արհմիությունը վաղաժամկետ դադարեցրել է դրանք: GDL-ի գլխավոր պահանջը մնում է աշխատանքային շաբաթվա կրճատումը մինչև 35 ժամ՝ պահպանելով աշխատավարձը։

Վեզելսկին նաև նախազգուշացրել է հետագա «տարերային» գործադուլների և այն մասին, որ արհմիությունն այլևս դրանց մասին չի նախազգուշացնի, որպեսզի DB-ն չհասցնի թողարկել վթարային չվացուցակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում