Միջազգային

Գերմանիայում տնտեսական աճի ակնկալիքները նվազեցվել են

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում տնտեսական աճի ակնկալիքները նվազեցվել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտը՝ ifo-ն, հերթական անգամ նվազեցրել է այս տարվա ընթացքում երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Ենթադրվում է, որ 2024 թվականին Գերմանիայի տնտեսությունը կաճի ընդամենը 0.2 տոկոսով: Վերջին ամիսներին փորձագետներն արդեն երկու անգամ իջեցրել են երկրի տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Դեկտեմբերին Ifo-ն ակնկալում էր 0.9, իսկ հունվարին՝ 0.7 տոկոսի աճ:

ifo-ի փորձագետ Տիմո Վոլմերշաուզերն վատատեսական կանխատեսումը հիմնավորում է սպառողների զսպվածությամբ, բարձր տոկոսադրույքներով, գների աճով, կառավարության սահմանած խնայողության խիստ միջոցներով և համաշխարհային տնտեսության ներկայիս թուլությամբ: Սակայն, նշվում է, որ այս տարվա կեսին տնտեսական աճը կարագանա և 2025 թվականին կհասնի 1.5 տոկոսի: Ըստ տնտեսագետների՝ դրան կնպաստեն տոկոսադրույքների նվազեցումը, գնաճի դանդաղումը և գնողունակության բարձրացումը։

Մինչդեռ, Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) փորձագետները կարծում են, որ տնտեսական անկումից Գերմանիայի վերականգնումը կձգձգվի: Ամենայն հավանականությամբ, ձմեռային կիսամյակում արտադրությունը կկրճատվի, իսկ տնտեսությունը կաճի ընդամենը 0.1 տոկոսով:

Այնուհանդերձ, ifo-ի փորձագետներն ակնկալում են, որ այս տարի Գերմանիայում աշխատող մարդկանց թիվը 45.9-ից կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ 46.1 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 46.2 միլիոնի: Իսկ գործազրկության մակարդակը 2024 թվականին կաճի 0.2 տոկոսով (5.7-ից մինչև 5.9):

Ifo-ի հետազոտողներն ակնկալում են բնակչության իրական եկամուտների աճ, որն, ըստ կանխատեսումների, երեք տարվա անկումից հետո այս և հաջորդ տարի կաճի 1 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում