Միջազգային

Հայիթիի վարչապետին թույլ չեն տվել վերադառնալ երկիր․ հանցախմբերը պահանջում են նրա հրաժարականը

2 րոպեի ընթերցում

Հայիթիի վարչապետին թույլ չեն տվել վերադառնալ երկիր․ հանցախմբերը պահանջում են նրա հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայիթիի վարչապետ Արիել Հենրին վայրէջք է կատարել Պուերտո Ռիկոյում այն բանից հետո, երբ նրան, ըստ երևույթին, չեն թույլատրել վերադառնալ իր երկիր, որտեղ հանցախմբերը պահանջում են նրա հրաժարականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ նա ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից մարտի 5-ին ժամանել է Սան Խուան։ Արիել Հենրիի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Պուերտո Ռիկոյում այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել մտնել Հայիթի, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետություն, որը փակել է հարևան Հայիթիի հետ սահմանը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում՝ Քենիա կատարած այցից հետո, Արիել Հենրիի գտնվելու վայրն անհայտ էր:

Նրա բացակայության ընթացքում Հայիթիում բռնությունները սրվել են. զինված ավազակախմբերը փորձել են գրավել միջազգային օդանավակայանը՝ թույլ չտալու նրա վայրէջքը: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը՝ նախազգուշացնելով, որ այլ դեպքում երկրում «քաղաքացիական պատերազմ կլինի, որը կհանգեցնի ցեղասպանության»։

Արիել Հենրին մեկնել էր Քենիա, որտեղ ստորագրել է Հայիթիում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ համաձայնագիր։ Նրա բացակայության ընթացքում ոստիկանության նախկին սպա Ջիմի Չերիզիերի գլխավորած հանցախմբերը հարձակումներ էին գործել ոստիկանության բաժանմունքների վրա, ներխուժել էին Հայիթիի երկու ամենամեծ բանտերը, որտեղից շուրջ 4000 բանտարկյալ է փախել։ Բռնությունների ընթացքում առնվազն 12 մարդ սպանվել է։

Երկրի մի քանի օդանավակայանները պաշտպանելու համար զինվորականներ են տեղակայվել։

Արիել Հենրին երկրի ղեկավարությունը ստանձնել է այն բանից հետո, երբ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվեց 2021 թվականին կոլումբիացի վարձկանների կողմից:

Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնության՝ ընտրություններ պետք է անցկացվեին, և չընտրված Արիել Հենրին պետք է հրաժարական տար մինչև փետրվարի 7-ը, բայց դա տեղի չի ունեցել։ Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով, որ նա պահպանի նախապես համաձայնեցված ծրագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում