Միջազգային

Գազայում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով․ Reuters

3 րոպեի ընթերցում

Գազայում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով․ Reuters

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բանակցողները միջնորդների խնդրանքով կմնան Կահիրեում ևս մեկ օր՝ շարունակելով հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք երկու օր շարունակվում են առանց լուրջ առաջընթացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի:

Կահիրեի բանակցությունների արդյունքում կողմերը ցանկանում են հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմում 40-օրյա հրադադարի, որի ընթացքում իսրայելցի պատանդները կազատվեն, և Գազա կուղարկվի օգնություն մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվանից առաջ, որը սկսվելու է մարտի 10-ին։

«Պատվիրակությունը երեքշաբթի օրը կմնա Կահիրեում՝ լրացուցիչ բանակցությունների համար», - Reuters-ին ասել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան:

Եգիպտոսի Al Qahera հեռուստաընկերությունը նույնպես հաղորդել է, որ բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով՝ հավելելով, որ դրանք «դժվարությունների են բախվում»:

Իսրայելը բանակցություններին չի մասնակցում։ Ավելի վաղ Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Իսրայելի չմասնակցելու պատճառն այն է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է ողջ մնացած պատանդների ցուցակը ներկայացնելու իր պահանջը:

Եգիպտոսի անվտանգության աղբյուրները մարտի 4-ին հայտնել էին, որ իրենք կապի մեջ են իսրայելցիների հետ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել՝ առանց իսրայելական պատվիրակության ներկայության:

Վաշինգտոնը, որը Իսրայելի սերտ դաշնակիցն է և հրադադարի շուրջ բանակցությունների միջնորդներից մեկը, հայտարարել է, որ Իսրայելի կողմից հավանության արժանացած համաձայնագիրը «արդեն սեղանին է» և սպասում է ՀԱՄԱՍ-ի հաստատմանը։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ, որոնցից 99, ենթադրաբար, ողջ են։

Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 30 500-ը, վիրավորների թիվը շուրջ 72 000 է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում