ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ գրող, իրավապաշտպան Քուրթուլուշ Բաշթիմարի Կարսում նկարահանվող «ÇİĞDEM» գեղարվեստական ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
Ֆիլմը, որի նկարահանումները շարունակվում են, նկարահանվում է Հայաստանին սահմանակից Կարսի գյուղական դպրոցներից մեկում:
Բաշթիմարը, ով նպատակ ունի իր առաջին գեղարվեստական ֆիլմով մասնակցել Եվրոպայի և Հայաստանի կինոփառատոններին, ավելի ուշ հայտարարել է, որ ֆիլմը թողարկվելու է Թուրքիայում։
Բաշթիմարը և՛ ֆիլմի սցենարի հեղինակն է, և՛ ռեժիսորը:
Ըստ ֆիլմի սցենարի՝ լքված գյուղի դատարկ դպրոցի շուրջ աշակերտները ձեռք ձեռքի տված պայքարում են: Նրանց նպատակը կրթություն ստանալն ու դպրոց գնալն է։ Ուսանողները խնդրագրեր են գրում և հանձնում տնօրենին՝ սպասելով, որ մայրաքաղաք Անկարայում իրենց ձայնը կլսեն և ուսուցիչ կնշանակվի։
Օրերից մի օր գյուղ է գալիս մոլորված մի վավերագրող և բոլորը կարծում են, թե նա նշանակված ուսուցիչն է և այստեղից սկսում են իրադարձությունները: Ֆիլմն իր անունը ստացել է հերոսներից մեկի «Չիղդեմի» (խմբ. ÇİĞDEM թուրքերենից թարգմանաբար նշանակում է ձնծաղիկ) անունից:
Չիղդեմի պատմությունը, ով ֆիլմում պայքարում է բոլոր դժվարությունների դեմ, շատ նման է ձմեռվանից հետո ծաղկող ձնծաղիկի: