Միջազգային

Մակրոնը կաջակցի Կիևի համար ԵՄ սահմաններից դուրս զինամթերք գնելու՝ Պրահայի պլաններին․ Bloomberg

2 րոպեի ընթերցում

Մակրոնը կաջակցի Կիևի համար ԵՄ սահմաններից դուրս զինամթերք գնելու՝ Պրահայի պլաններին․ Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ Փարիզը կաջակցի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներում Ուկրաինայի համար զինամթերք ձեռք բերելու Չեխիայի առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների:

«Աղբյուրները նշել են, որ Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան միացել են Ֆրանսիային՝ աջակցելու ԵՄ-ից դուրս արտադրված զինամթերք գնելու ծրագրին: Մակրոնն այդ գաղափարը կքննարկի Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ երեքշաբթի օրը` մարտի 5-ին, Պրահա ուղևորության ժամանակ», - հաղորդում է գործակալությունը։

Փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը վստահեցրել էր, որ Պրահան տվյալներ ունի Կիևին մի քանի շաբաթվա ընթացքում 155 մմ տրամաչափի 500 հազար արկ և 122 մմ տրամաչափի 300 հազար արկ մատակարարելու հնարավորության մասին։ Սակայն այդ մատակարարումները հարկավոր է ֆինանսավորել։ Միևնույն ժամանակ նախագահը չէր նշել հնարավոր մատակարարներին:

Պրահայում հայտնել են, որ ստացել են Կանադայի, Դանիայի, Լիտվայի և Լատվիայի նախնական համաձայնությունը նախաձեռնությանը մասնակցելու համար։ Անցյալ շաբաթ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Ֆիալան ասել էր, որ Վարշավան նույնպես պատրաստակամություն է հայտնել միանալու ծրագրի իրագործմանը։

Գործակալության զրուցակիցը, սակայն, պարզաբանել է, որ ԵՄ-ում ոմանք չափազանց լավատեսական են համարում արկերի ապագա գնումների` Չեխիայի կողմից հնչեցված թվերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում