Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Չինգիս Արինովը երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևին զեկուցել է, որ Ալմաթիում, որտեղ մարտի 4-ի առավոտյան երկրաշարժ էր տեղի ունեցել, իրավիճակը հանգիստ է, բոլոր ծառայություններն աշխատում են հստակ և իրավիճակին համապատասխան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Քաղաքում իրավիճակը հանգիստ է, բոլոր ծառայությունները հստակ գործում են՝ հաստատված ծրագրերին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տոկաևը նախարարին հանձնարարել է, ելնելով մեգապոլիսի բնակիչների շահերից, շարունակել սերտորեն համագործակցել քաղաքային բոլոր ծառայությունների հետ՝ Ալմաթիում իրավիճակի վերահսկման համար:
Ավելի վաղ Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ մարտի 4-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 42 կմ հարավ-արևելք և Ղրղզստանի Չոլպոն Աթա առողջարանային քաղաքից 26 կմ հյուսիս է: