Միջազգային

Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել հանցախմբերի հարձակման ընթացքում 12 զոհի և 4000 բանտարկյալի փախուստի պատճառով

2 րոպեի ընթերցում

Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել հանցախմբերի հարձակման ընթացքում 12 զոհի և 4000 բանտարկյալի փախուստի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայիթիի մայրաքաղաքում և դրա շրջակայքում 72-ժամյա արտակարգ դրություն և գիշերային պարետային ժամ է հայտարարվել երկու բանտերից բանտարկյալների փախուստի պատճառով։ Հանգստյան օրերին հանցախմբերը ներխուժել էին Պորտ-օ-Պրենսի մեծ բանտերից մեկը, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 12 մարդ և ազատ արձակվել մոտ 4000 բանտարկյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հանցախմբերի պարագլուխները պահանջում են երկրից դուրս գտնվող վարչապետ Արիել Հենրիի հրաժարականը։ Նրան հեռացնելու նպատակ ունեցող խմբավորումները վերահսկում են Պորտ-օ-Պրենսի շուրջ 80 %-ը:

Կառավարությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին գրոհի տակ է հայտնվել երկու բանտ՝ մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մոտակա Կրուա դե Բուկե քաղաքում:

Պորտ-օ-Պրենսում բանտարկյալների թվում կան հանցախմբերի անդամներ, որոնք մեղադրվում են 2021 թվականին նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ:

Բռնությունները նոր թափ են ստացել փետրվարի 29-ից, երբ վարչապետ Արիել Հենրին մեկնեց Նայրոբի՝ քննարկելու Քենիայի գլխավորած բազմազգ անվտանգության ուժեր Հայիթի ուղարկելու հարցը:

Նախագահ Մոիզի սպանությունից հետո բռնությունների թիվը Հայիթիում աճել է: Նրա փոխարեն դեռ նոր նախագահ չեն ընտրել, իսկ երկրում ընտրություններ չեն անցկացվել 2016 թվականից։

Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնագրի՝ ընտրություններ պետք է անցկացվեին, և չընտրված Արիել Հենրին պետք է հրաժարական տար մինչև փետրվարի 7-ը, բայց դա տեղի չի ունեցել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում