Միջազգային

Իլինոյսի դատավորն արգելել է Թրամփին մասնակցել նահանգում նախնական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Իլինոյսի դատավորն արգելել է Թրամփին մասնակցել նահանգում նախնական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Իլինոյս նահանգի դատավորը փետրվարի 28-ի որոշմամբ արգելել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել Իլինոյսում Հանրապետական կուսակցության նախնական քվեարկությանը (փրայմերիզ)․ հենց փրայմերիզի արդյունքներով է որոշվում, թե տվյալ կուսակցությունից ո՛վ կառաջադրվի որպես նախագահական ընտրությունների թեկնածու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ դատավորը փրայմերիզին Թրամփի մասնակցությունն արգելել է 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած ապստամբության մեջ նրա դերի պատճառով։ Այնուամենայնիվ, վճռի ուժի մեջ մտնելը հետաձգվել է, քանի որ ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի որոշումը։

Թրամփի նախընտրական քարոզարշավի ներկայացուցիչն այս որոշումն անվանել է «ոչ սահմանադրական» և նշել, որ այն կբողոքարկվի։

Ավելի վաղ Թրամփին նախնական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկել են Կոլորադոյի և Մեյնի նահանգները՝ համաձայն երկրի սահմանադրության 14-րդ փոփոխության 3-րդ կետի։ Ըստ այդ կետի՝ երկրում պետական պաշտոն չի կարող զբաղեցնել որևէ մեկը, որն ԱՄՆ սահմանադրությունը պաշտպանելու երդում է տվել, այնուհետև ներգրավվել խռովության կամ ապստամբության մեջ։ Երկու նահանգների որոշումներն էլ առայժմ ուժի մեջ չեն մտել Թրամփի բողոքարկման պատճառով։

Բոլոր այս գործերը պետք է քննարկվեն ԱՄՆ գերագույն դատարանում։

Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին հարձակվել էին ոստիկանների վրա և ներխուժել Կապիտոլիումի շենք՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը վավերացնի դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այս իրադարձություններից առաջ Թրամփը ելույթ էր ունեցել կողմնակիցների առջև՝ ասելով, որ գնան Կապիտոլիում և պայքարեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում