Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը հարևանների հետ խնդիրների կարգավորումն է. արևելագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը բոլոր խնդրահարույց հարաբերությունների՝ հատկապես հարևանների հետ խնդիրների կարգավորումն է։ Իսկ Ֆրանսիան Երևանի հետ բազմավեկտոր քաղաքականության խորացման հեռանկարին արձագանքողներից միայն մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական BirGün թերթի հետ զրույցում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ նման գնահատական է տվել արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը։

«2020թ. պատերազմը և դրանից հետոյի ագրեսիվ գործողությունները, որոնք ավելի հավակնոտ և վտանգավոր դարձան հատկապես ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ցույց տվեցին, որ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը վերանայման և համակարգային փոփոխության կարիք ունի։ Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Երևանը կառուցել է միակենտրոն անվտանգային համակարգ՝ հիմնած Մոսկվայի հետ բազմաշերտ համագործակցության վրա։ Մինչդեռ այդ համակարգը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ներկայում բավարար չափով չի գործում, որի հետևանքով Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեցան ռազմավարական բնույթի կորուստներ։

Հետևաբար նման պայմաններում Հայաստանի անվտանգային քաղաքականության բովանդակային փոփոխության անհրաժեշտություն առաջացավ։ Իսկ այդ նպատակի հիմնական սկզբունք սահմանվեց ոչ թե մեկ կենտրոնի հետ առավելագույն ներդաշնակված անվտանգային մեխանիզմների ձևավորումը, այլ դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ հիմնված բազմագործոն տրամաբանության վրա՝ տարբեր ուղղություններով և տարբեր դերակատարների հետ շահերի համադրման հիմքով»,-ասել է Պետրոսյանը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի անվտանգության համար, իհարկե, տարբեր կարևորության, բայց էական գործոններ կան․ «Օրինակ՝ Ռուսաստանի հետ շարունակվող բազմավեկտոր համագործակցությունը, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, արաբական բազմաթիվ երկրների հետ քաղաքական, տնտեսական ոլորտներում հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործարկումը, Հնդկաստանի հետ քաղաքական, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը, Իրանի հետ տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային ոլորտում նոր հեռանկարները և այլն»։

Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն այն համատեքստում, որ Հայաստանի ընդհանուր քաղաքականությունը միտված է սեփական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ապահովելուն՝ Պետրոսյանը նշել է․ «Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Փարիզն առաջիններից էր, որն արձագանքեց Երևանի հետ բազմավեկտոր, այդ թվում նաև ռազմական և անվտանգային քաղաքականության խորացման հեռանկարին։ Ընդհանուր առմամբ, սա է իրական պատկերը, որը մերօրյա աշխարհին բնորոշ քարոզչական դիմակայության ֆոնին մեր երկրի ոչ բարեկամների կողմից շատ հաճախ միտումնավոր կերպով ներկայացվում է որպես Երևանի կողմից աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու քաղաքականություն»։

Մասնագետն այսպես է եզրափակել խոսքը․ «Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը բոլոր խնդրահարույց հարաբերությունների՝ հատկապես հարևանների հետ խնդիրների կարգավորումն է։ Իսկ դա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ Եվ եթե հանգուցալուծվեն խնդիրները, ապա դա ուղիղ կերպով ազդելու է նաև Հայաստանի անվտանգային քաղաքականության առաջնահերոությունների վրա, ամբողջ տարածաշրջանի խաղաղ զարգացման հեռանկարի վրա»։

Հայերեն Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ