Միջազգային

Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes

2 րոպեի ընթերցում

Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենյան ​​«Անսար Ալլահ» շարժման հութի խռովարարները Կարմիր ծովում վնասել են չորս միջազգային ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Աֆրիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է իսրայելական Globes պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ Կարմիր ծովում հութիների հարձակումների հետևանքով վնասվել են չորս կապի մալուխներ, որոնք ծովի հատակով անցկացված են Սաուդյան Արաբիայի և Ջիբութիի միջև։ Հարձակումները լուրջ խափանումների են հանգեցրել ինտերնետ կապի աշխատանքում Պարսից ծոցի երկրներում և Հնդկաստանում:

Ըստ մասնագետների գնահատման՝ պատճառված վնասը կրիտիկական չէ, քանի որ մյուս մալուխները գործում են անխափան։ Պարբերականի տվյալներով՝ կապի վնասված գծերի վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու ամիս։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն: 2023 թ․ նոյեմբերի կեսերից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում