«Երրորդ դուռը». Eventure Global-ը երիտասարդներին կրթելու, նրանց ներուժը բացահայտելու նպատակով մի շարք նախաձեռնություններ ունի

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երիտասարդներին կրթելու, նրանց ներուժը բացահայտելու ու նրանց համար նոր դռներ բացելու նպատակով Eventure Global կազմակերպությունը հանձն է առել մի շարք նախաձեռնությունների՝ թարգմանել և հայ ընթերցողներին ներկայացնել Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը» բեսթսելերը, հիմնել «Հաջողության երրորդ դուռ» կրթական ակումբը և ունկնդիրներին ներկայացնել «Իմ հաջողության երրորդ դուռը» փոդքասթը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Eventure Global կազմակերպության ներկայացուցիչներ արձակագիր, Eventure Global ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Նիազյանը, Karapp հարթակի հիմնադիր և հրատարակիչ Շավարշ Կարապետյանը, Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն Գոռ Կարապետյանը, բժիշկ Ավետիս Ավետիսյանը և «Բիզնեսի աջակցման կենտրոն»-ի հիմնադիր Սամվել Գևորգյանը նշեցին՝ այս նախաձեռնություններով նպատակ ունեն ոչ միայն օգնել մարդկանց գտնել իրենց «երրորդ դուռը», այլ նաև բացել այն:

Խոսելով 1 մլն օրինակով վաճառված «Երրորդ դուռ» համաշխարհային բեսթսելերը հայերեն թարգմանելու և հայ ընթերցողներին ներկայացնելու նախաձեռնությունից, գաղափարի հեղինակ Շավարշ Կարապետյանն ընդգծեց՝ հայաստանյան շուկայում այս գրքի բացն ակնհայտ էր: Նրա խոսքով՝ գուցե շատ են նմանատիպ ուղերձներով գրքերը, սակայն այս մեկը շատ է տարբերվում:

«Սա հերթական մոտիվացիոն կամ բիզնես գիրքը չէ: Այն անցած ճանապարհի շնորհիվ հաջողության հասնելու ապացույց է»,- մեկնաբանեց Կարապետյանը:

Գրքում ներկայացված է՝ տասնութամյա նորաթուխ ուսանողի աներևակայելի ճանապարհորդությունը, որը սկսվել է նրա հանրակացարանի սենյակից, տարել բացահայտելու՝ Բիլ Գեյթսի, Լեդի Գագայի, Ուորեն Բաֆեթի, Լարի Քինգի ու տասնյակ այլ հայտնիների հաջողության գաղտնիքը՝ նրանց կարիերայի սկզբում։ Ճանապարհորդությունը ցույց է տվել նրան, որ վճռական և ստեղծագործ անձինք մուտք են գործում՝ «Երրորդ դռնով»:

«Եթե փորձեմ կարճ լինել՝ կասեմ՝ գիրքը ժամանակակից մարդու հնարավորությունները գտնելու, այդ ճանապարհները փնտրելու և ոչնչից ամեն ինչ ստեղծելու մասին է: Երբ Շավարշը պատմեց գաղափարի մասին, առանց մտածելու որոշեցի ներգրավել գործում: Այն բովանդակությունը, գաղափարն ու հայեցակարգը, որը գրքում ներկայացված է, մեզ համար հոգեհարազատ է: Ըստ էության, ես էլ եմ համարում, որ կյանքում մի քանի անգամ «երրորդ դուռ» եմ բացել, դրա համար որոշեցի միանալ թիմին և նպաստել, որ այս գիրքը Հայաստանում լույս տեսնի, և ավելի շատ մարդիկ, անկախ տարիքից, հնարավարություն ստանան կարդալ և փոխել իրենց կյանքը»,-ասաց Ավետիս Ավետիսյանը:

Գոռ Կարապետյանն էլ նշեց՝ սա գիրք է, որը ձևավկարեպում է շատ չձևակերպված մտքեր, լեգիտիմացնում է ոչ լեգիտիմ սկզբունքեր: Նրա խոսքով՝ նպատակը կարևոր է. մեծ ջանքեր թափելով հնարավոր է հասնել մեծ արդյունքների:

Ալեքս Բանայանն ամենաերիտասարդ բիզնես բեսթսելերի հեղինակն է ԱՄՆ պատմության մեջ, Forbes-ի կողմից համարվել է բոլոր ժամանակների ամենաերիտասարդ վենչուրային կապիտալիստ, չլինելով լրագրող՝ ամենաերիտասարդ մարդն է աշխարհում, որ հարցազրույց է վերցրել Բիլ Գեյթսից, Լարի Քինգից և Սթիվ Վոզնյակից, Business Insider-ի կողմից (2021թ.) հայտնվել է մինչև 30 տարեկան աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

«Սա հերթական գիրքը չէ, այլ մեր ուղերձը տեղ հասցնելու խողովակներից մեկը»,-մեկնաբանեց Գոռ Կարապետյանը:

Արմեն Նիազյանն էլ նշեց՝ իրենց նպատակն ի սկզբանե ընկերություն հիմնելն էր, որը կխթանի, կտարածի կրթության կարևորությունը: Նմանատիպ միջոցառումներով նպատակ ունեն ոչ միայն խոսել կրթության կարևորության մասին, այլ նաև պրակտիկ քայլերով փոփոխություններ բերել: Նա հիշեցրեց՝ միջոցառման նման օրինակ էր բիզնեսը, կրթությունը, մշակույթն ու սոցիալական բաղադրիչները մեկ տեղում միավորող «Jazz Business»-ը, որի կարգախոսն էր՝ «Միայնակ հաջողության չես հասնի»:

«Պատմեմ նաև «Իմ հաջողության երրորդ դուռը» փոդքասթի մասին, որը հնարավոր է ունկնդրել Karapp հարթակով: Ունենում ենք հատուկ հյուրեր, որոնց մենք անվանում ենք «երրորդ դուռ» բացած մարդիկ: Ունենք մեկ այլ տերմին ևս՝ հաջողության դեսպաններ»,-ներկայացրեց փոդքասթի հաղորդավար Արմեն Նիազյանը:

Նիազյանը ներկայացրեց նաև «Հաջողության երրորդ դուռ»-ը ակումբի ստեղծման մասին՝ ընդգծելով, որ իրենք ընկերներով վաղուց են ակումբի մաս կազմում: Շաբաթական մեկ անգամ, վաղ առավոտյան հավաքվում են ու տարբեր թեմաների շուրջ քննարկումներ ծավալում, «Երրորդ դռան» գաղափարը հենց այդ քննարկումների շրջանակում է ծագել: Նիազյանի խոսքով՝ հաճախ են իրենց ընկերները ակումբին միանալու ցանկություն հայտնել, և ի վերջո որոշել են ակումբը հանրության համար բաց դարձնել:

«Սա ևս մի հնարավորություն կլինի մարդկանց համար գալու, մոտիվացվելու:

Ակումբի ձևաչափը դեռ քննարկումների փուլում է, բայց մարդկանց հնարավորություն է տրվելու միանալ նաև օնլայն տարբերակով: Ակումբի շրջանակում մենք մարդկանց ոչ միայն ցույց կտանք «երրորդ դուռը», այլ նաև կօգնենք «բացել այն»,- ասաց Նիազյանը:

Գրքի շնորհանդեսին՝ մարտի 3-ին, սպասվում է բիզնես StandUp-ներ, երաժշտական կատարումներ, Networking. ծանոթություն վերջին տարիներին Հայաստանում հաջողության հասած արտադրողների հետ: Քանի որ գիրքը պատմում է նոր դռներ բացելու մասին, այդ նպատակով շնորհանդեսին հրավիրված են նաև հայ արտադրողներ, ովքեր իրենց գործունեությամբ նոր դռներ են բացել հայ իրականության մեջ։ Մուտքն ազատ է:

Նախաձեռնությունն ունի նաև սոցիալական ուղղվածություն։ Մշակվել է փաթեթ, որի օգնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, սահմանամերձ շրջաններում ապրող երիտասարդները, սոցիալական խոցելի խմբում գտնվող մարդիկ անվճար կստանան գիրքը, ինչպես նաև՝ հնարավորություն ներգրավելու «Հաջողության երրորդ դուռ»-ը ակումբում։

Ավետիս Ավետիսյանը եզրափակելով նշեց՝ և՛ գիրքը, և՛ ակումբը, և՛ փոդքասթները ընդամենը գործիքներ են մեր ընդհանուր գաղափարին հասնելու գործում:

«Մենք բոլորս ինքնաշեն առաջնորդներ ենք, մենք մարդկ ենք, որոնք փորձել են «երրորդ դռան» գաղափարով մտնել այս կայքը և, առնվազն մեզ համար, ինչ-որ բարձունքների հասնել: Հաջողել ենք ու շատ հաճախ դժվար ենք հաջողել: Ունենք առաքելություն, պատրաստակամություն ու սիրտ այդ դռան հասցեով կիսվել այլ մարդկանց հետ, մասնավորապես՝ երիտասարդների: Գրքով ու այս գործունեությամբ մենք փորձում ենք մարդկանց փրկօղակ առաջարկել: Ու ընդհանուր առմամբ՝ այս ամենի հիմքում Հայաստանն ավելի լավը դարձնելն է, դրա արդյունքում նոր զարթոնք ապահովելը»,- եզրափակեց Գոռ Կարապետյանը:

Առաջին դուռը գլխավոր մուտքն է, որտեղ հերթ է կանգնած մարդկանց մեծամասնությունը․որոշներին ստացվում է մտնել ներս, որոշներին՝ ոչ։ Երկրորդ մուտքից օգտվում են VIP հյուրերը, ընտրյալները, բացառիկ մարդիկ: Սակայն շատերի մտքով չի էլ անցնում, որ ցանկացած վայրում հայտնվելու մեկ այլ դուռ կա՝ երրորդ դուռը, որը գտնում են վճռական ու ստեղծագործ մարդիկ։ Eventure Global-ից նշեցին՝ թե ո՞ր դուռը կբացեք, կախված է միայն Ձեզնից, բայց գիրքը կարդալուց հետո ընտրելու եք միայն ու միայն երրորդ դուռը:

Կարինե Տերտերյան

Նկարները՝ Հայկ Հարությունյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում