Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահը Բուլղարիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել երկկողմ ձեւաչափով Հայաստան-Բուլղարիա երկխոսության կարեւորությունը:

«Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս այցը նոր թափ կհաղորդի մեր երկու երկրների միջեւ պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նիկոլայ Դենկովն ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հիմքում մեր երկու երկրների ընդհանուր արժեքներն են, որոնք ամրապնդվել եւ շարունակական զարգացում են ապրում ժողովրդավարական հաստատուն հիմքերի եւ տեսլականի շնորհիվ:

«Մենք մեծ հարգանք ենք տածում Հայաստանի պատմության եւ մշակույթի նկատմամբ»,- նշել է Բուլղարիայի վարչապետը:

Անդրադառնալով Եվրոպական միության շրջանակում համագործակցությանը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Բուլղարիայի Հանրապետության շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

«Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարեւոր է Հայաստանի համար: Այս հարցում ապավինում ենք նաեւ Բուլղարիայի աջակցությանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:

«Չնայած Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերներին, որոնց հերթական դրսեւորումն արձանագրվեց փետրվարի 13-ին, հայկական կողմը հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Մեր տեսլականը հաստատուն է եւ հիմնված տարածքային ամբողջականության ու պետական սահմանների ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն Ալմաթիի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտների վերաբերյալ:

Հայերեն العربية Русский

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ