Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները

3 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահը Բուլղարիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել երկկողմ ձեւաչափով Հայաստան-Բուլղարիա երկխոսության կարեւորությունը:

«Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս այցը նոր թափ կհաղորդի մեր երկու երկրների միջեւ պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նիկոլայ Դենկովն ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հիմքում մեր երկու երկրների ընդհանուր արժեքներն են, որոնք ամրապնդվել եւ շարունակական զարգացում են ապրում ժողովրդավարական հաստատուն հիմքերի եւ տեսլականի շնորհիվ:

«Մենք մեծ հարգանք ենք տածում Հայաստանի պատմության եւ մշակույթի նկատմամբ»,- նշել է Բուլղարիայի վարչապետը:

Անդրադառնալով Եվրոպական միության շրջանակում համագործակցությանը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Բուլղարիայի Հանրապետության շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

«Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարեւոր է Հայաստանի համար: Այս հարցում ապավինում ենք նաեւ Բուլղարիայի աջակցությանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:

«Չնայած Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերներին, որոնց հերթական դրսեւորումն արձանագրվեց փետրվարի 13-ին, հայկական կողմը հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Մեր տեսլականը հաստատուն է եւ հիմնված տարածքային ամբողջականության ու պետական սահմանների ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն Ալմաթիի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում