Միջազգային

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի, Լատվիայի և Լիտվայի մի շարք պաշտոնյաների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի, Լատվիայի և Լիտվայի մի շարք պաշտոնյաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Ռուսաստանն Էստոնիային մեղադրում է խորհրդային ժամանակաշրջանի զինվորների հուշարձանների ապամոնտաժման համար, որոնք, ըստ BBC-ի, «Տալլինը համարում է ԽՍՀՄ-ի ժամանակ երկրի բռնազավթման անցանկալի խորհրդանիշներ»։

Բացի այդ, նույն մեղադրանքներով հետախուզում է հայտարարվել Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։

ՏԱՍՍ-ի մեկ այլ հրապարակման համաձայն՝ հետախուզում է հայտարարվել նաև Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարների նկատմամբ։ Իրավապահ մարմինները գործակալությանը հայտնել են, որ նրանց նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։

Անդրադառնալով թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մերձբալթյան երկրների պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը եղել է «պատմական հիշողության դեմ վիրավորանքը և Ռուսաստանի հանդեպ թշնամանքը»։

Իր հերթին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «սա դեռ միայն սկիզբն է»։

«Աշխարհը նացիզմից և ֆաշիզմից ազատագրողների հիշողության դեմ հանցագործությունների համար հարկավոր է պատասխան տալ։ Սա դեռ միայն սկիզբն է», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում