Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին ժամը 17:00-20:00-ը Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին ժամը 11:00-13:00-ը Կամերային երաժշտության տանը։ Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին Եռաբլուրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը։

Փետրվարի 6-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։

1982 թվականին ավարտելով Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը՝ աշխատանքի է անցել Ախալցխայի շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր։

Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտել է 1990 թվականին։

1987 թվականից Գագիկ Գինոսյանը սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» ազգագրական խմբում։

1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։

2001 թվականին Գագիկ Գինոսյանը հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

2011 թվականին «Ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» Գագիկ Գինոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած և Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց» ներկայացումները։

2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։

Ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման նպատակով հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։

Պետական աջակցությամբ հեղինակել է «Ազգային երգ ու պար» առարկայական ծրագիրը, որը տարիներ շարունակ ուսուցանվել է հանրակրթական դպրոցներում:

Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։

Մասնակցել է Արցախյան պատերազմին։

2006 թվականին լույս է տեսել Գագիկ Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ Արցախյան պատերազմի մասին։

Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգևների:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ