ԵՐԵՎԱՆ: 7 ՓԵՏՐՎԱՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին՝ Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս առիթով գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում:
«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Սա երկրի՝ օրենքի գերակայության նկատմամբ ունեցած հանձնառության հստակ նշան է և հրաշալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- եզրափակել է նա:
Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։