Հասարակական

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ընդլայնել գործակցությունը Ֆրանսիայի քաղաքների հետ. Ավինյանը՝ դեսպան Դըկոտինյիին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ընդլայնել գործակցությունը Ֆրանսիայի քաղաքների հետ. Ավինյանը՝ դեսպան Դըկոտինյիին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ հաստատված գործակցությունն ու ապակենտրոնացված համագործակցության այն ծրագրերը, որոնք իրականացվում են գործընկեր քաղաքներ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ:

«Ներկայացնելով նախաձեռնված բարեփոխումները՝ հասարակական տրանսպորտի, Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն ուղղված թվայնացման ու քաղաքաշինության ոլորտներում, Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ֆրանսիական քաղաքների հետ ընդլայնել գործակցության ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, անդրադառնալով գործարար շրջանակներին, քաղաքապետ Ավինյանը կարևորել է ֆրանսիական ընկերությունների հնարավոր մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի տարբեր նախագծերին ու ընդգծել, որ համայնքը բաց է համագործակցելու համար բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում