Միջազգային

Աշխարհի մի շարք ղեկավարներ Չարլզ 3-րդին քաղցկեղից ապաքինում են մաղթել

2 րոպեի ընթերցում

Աշխարհի մի շարք ղեկավարներ Չարլզ 3-րդին քաղցկեղից ապաքինում են մաղթել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ մտահոգություն են հայտնել նրա առողջության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X սոցիալական հարթակում իր և կնոջ անունից արագ և լիակատար ապաքինում է մաղթել Չարլզ 3-րդին՝ նշելով, որ քաղցկեղի բուժման ընթացքում «հույս և բացարձակ քաջություն է հարկավոր»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Չարլզ 3-րդ թագավորին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ X սոցիալական հարթակում գրելով, որ իր մտքերը բրիտանացի ժողովրդի հետ են։

Ավստրալիայի և Կանադայի ղեկավարները նույնպես լավագույն բարեմաղթանքներն են հայտնել Մեծ Բրիտանիայի թագավորին՝ նրա արագ ապաքինման հույս հայտնելով։

Սասեքսի դուքս արքայազն Հարրին առաջիկա օրերին ԱՄՆ-ից կմեկնի Անգլիա՝ Չարլզ 3-րդին տեսակցության։ Արքայազն Հարրիի խոսնակը հայտնել է, որ նա ախտորոշման մասին խոսել է հոր հետ։

75-ամյա Չարլզ 3-րդի ախտորոշման մասին Բուքինգհեմյան պալատը հայտնել էր փետրվարի 5-ին։ Քաղցկեղի տեսակը հստակ չի նշվել, սակայն նշվում է, որ թագավորը «լիովին դրական է» տրամադրված։ Հունվարին Չարլզ 3-րդը երեք օր հիվանդանոցում էր անցկացրել՝ շագանակագեղձի վիրահատության համար, և հենց հիվանդանոցում գտնվելու ընթացքում էլ հայտնաբերվել էր, որ թագավորի մոտ կա «քաղցկեղի տեսակ»։

Միապետը բուժման ընթացքում կհետաձգի հանրային հանդիպումները, սակայն կզբաղվի պետական գործերով և կշարունակի ամեն շաբաթ ընդունել երկրի վարչապետ Ռիշի Սունակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում