Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում իրավիճակը քննող անկախ հանձնաժողով է նշանակել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում իրավիճակը քննող անկախ հանձնաժողով է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անկախ հանձնաժողով է նշանակել՝ գնահատելու Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը, որը գլխավորելու է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը, խորհրդակցելով Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինիի հետ, նշանակել է անկախ վերանայման խումբ՝ գնահատելու, թե արդյո՞ք գործակալությունը անում է ամեն ինչ իր մանդատի շրջանակներում՝ չեզոքություն ապահովելու և լուրջ խախտումների մասին պնդումներին արձագանքելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կոլոնան աշխատելու է սկանդինավյան երեք կազմակերպությունների հետ՝ շվեդական Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի, Նորվեգիայի Քրիստիան Միխելսենի գիտության և հոգևոր ազատության ինստիտուտի և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի հետ։

Խումբն իր աշխատանքը կսկսի փետրվարի 14-ին, իսկ մինչև մարտի վերջ նախատեսվում է միջանկյալ զեկույց պատրաստել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար։ Զեկույցի վերջնական տարբերակը, որը նախատեսվում է ավարտել ապրիլի վերջին, կհրապարակվի հանրության համար։ Նշվում է, որ խմբի աշխատանքը տեղի կունենա համաշխարհային կազմակերպության կողմից Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեության ներքին հետաքննությանը զուգահեռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում