Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
2 րոպեի ընթերցում
![Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1129581.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան, ես որոշում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել Ռոման Վասիլիի Սկլյարին», - ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը։
Սկլյարն ավելի վաղ զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախքան փետրվարի 5-ին հրապարակված հրամանագիրը Ղազախստանի կառավարությունը գլխավորում էր Սմաիլովը։ Նախագահը նրան նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում նշանակել էր 2022 թ. հունվարին և վերանշանակել 2023 թ. մարտին՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո։
Ավելի վաղ Տոկաևի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նախագահը փետրվարի 7-ին կանցկացնի կառավարության ընդլայնված նիստ, որտեղ կամփոփվեն անցած մեկ տարվա ընթացքում հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները։ Դրա հետ միասին տեղի առանձին փորձագետներ չէին բացառում, որ պետության ղեկավարը կարող է կադրային վերադասավորումներ կատարել նախարարների կաբինետում` ընդհուպ մինչև վարչապետին փոխելը։