Միջազգային

ԵՄ-ն ցանկանում է 10 մլրդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայի հետ ՌԴ-ն շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ցանկանում է 10 մլրդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայի հետ ՌԴ-ն շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունը։

Բրյուսելում հունվարի 29-ին բացվել է ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որին մասնակցում են տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական կազմակերպություններ՝ քննարկելու Անդրկասպյան փոխադրամիջանցքը վերափոխելու համար անհրաժեշտ ներդրումները։

Համաժողովի առաջին օրն այդ նպատակների համար 2,97 միլիարդ եվրո հատկացնելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Եվրոպական ներդրումային բանկն այսօր ստորագրել է 1,47 մլրդ եվրոյի հատկացման մասին փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի կառավարությունների և Ղազախստանի զարգացման բանկի հետ։ Այսօր ավելի ուշ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ղազախստանի հետ կստորագրի փոխըմբռնման հուշագիր 1,5 մլրդ եվրոյի ներդրումային գծի վերաբերյալ», - նշված է հաղորդագրությունում։

Ներդրողների համաժողովին մասնակցում են բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովից, ԵՄ անդամ երկրներից, Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Կովկասի երկրներից և Թուրքիայից։ Համաժողովին ներկա են նաև մասնակիցներ Մեծ 20-յակի երկրներից։

«ԵՄ-ն վճռականորեն խրախուսում է Կենտրոնական Ասիայի հետ ուղղակի տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Սև ծովի և Կովկասի տարածաշրջաններով՝ լիակատար գործընկերությամբ Կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնք ակտիվորեն մասնակցում են ներդրողների համաժողովին», - նշված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում