Միջազգային

Կարմիր ծովում ԵՄ հնարավոր առաքելությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իտալիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Կարմիր ծովում ԵՄ հնարավոր առաքելությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իտալիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր ծովում նավերի պաշտպանության Եվրամիության հնարավոր առաքելությունը պաշտպանական բնույթ կկրի և ուղղված չի լինի Իրանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Rai News 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

Նա վստահություն է հայտնել, որ եմենցի հութի խռովարարների «Անսար Ալլահ» շարժումը, որը Կարմիր ծովում հարվածներ է հասցնում առևտրային նավերին, չի գործում Իրանի հրահանգով։

«ԵՄ առաքելությունը պետք է ակտիվ ռազմական պաշտպանություն իրականացնի... այն ուղղված չէ Իրանի դեմ», - Տայանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իտալիայի արտգործնախարարը պարզաբանել է, որ առաքելությանը մասնակցող զինվորականները պետք է «իրավունք ունենան կրակելու, կրակով պատասխանելու, խոցելու անօդաչու թռչող սարքերը», այլ ոչ թե պարզապես «ուղեկցելու» առևտրային նավերը: Նա նաև նշել է, որ առաքելության իրականացման և կազմի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ ամիս։

Ավելի վաղ Հռոմը Բեռլինի և Փարիզի հետ միասին հանդես էր եկել ռազմական առաքելություն կազմակերպելու առաջարկով, որը կարող է երաշխավորել Կարմիր ծովում անվտանգ նավարկությունը՝ ընդլայնելով գործունեության գոտին և ամրապնդելով, այդ թվում՝ ռազմական տեսակետից, արդեն գոյություն ունեցող առաքելությունները։

Տայանին նաև պարզաբանել է, որ Եմենի տարածքին հարվածներ հասցնել չի ենթադրվում։ Ինչպես գրում են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները, ենթադրվող առաքելության վերաբերյալ վերջնական որոշում ընդունել չի հաջողվել ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում։ Հայտնի է, որ Մադրիդը հավանություն չի տալիս տարածաշրջանում եվրոպացի զինվորականների նման գործողություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում