Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը հունվարի 18-ին Զագրեբում հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրել են, որ ՀՀ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում, և ընդգծել, որ վերջին շրջանի բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդել բարեկամության, փոխադարձ ըմբռնման և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ համագործակցությանը:

Հայաստանի ԱԳ նախարարը և Խորվաթիայի վարչապետը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգն առավել հարստացնելու, երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Կարևորվել է փոխգործակցության զարգացումը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում՝ ընդգծելով այս ուղղությամբ առկա դինամիկան։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը Խորվաթիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խնդիրների լուծման նպատակով ուժի կիրառման մոտեցման զսպման, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանության ու տարածքային նկրտումների բացառման անհրաժեշությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, դրա քաղաքական և տնտեսական բաղադրիչներին:

Նախարար Միրզոյանը նաև գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում