Միջազգային

Բեռնարդո Արևալոն ստանձնել է Գվատեմալայի նախագահի պաշտոնը՝ մի քանի ժամ ուշացմամբ

2 րոպեի ընթերցում

Բեռնարդո Արևալոն ստանձնել է Գվատեմալայի նախագահի պաշտոնը՝ մի քանի ժամ ուշացմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայի նորընտիր նախագահ Բեռնարդո Արևալոն հունվարի լույս 15-ի գիշերը ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Երկրի նոր ղեկավարը երդում է տվել հանրապետության Կոնգրեսի (միապալատ խորհրդարան) նիստում։ Պաշտոնակալման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը, լատինաամերիկյան մի քանի երկրների ղեկավարներ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչներ։

Երդմնակալության արարողությունը, որը պետք է մեկնարկեր հունվարի 14-ին ժամը 16:00-ին, սկսվել է մի քանի ժամ ուշացումով՝ նիստերի դահլիճում բազմաթիվ ընդդիմադիր խորհրդարանականների բացակայության պատճառով: Արևալոն հայտարարել է, որ իր հակառակորդները քաղաքացիների ընտրությունը հարգելու փոխարեն միտումնավոր ուշացնում են արարողությունը: Գվատեմալայի մայրաքաղաքի փողոցներում Արևալոյի կողմնակիցները պահանջել են սկսել արարողությունը և կարգախոսներ են վանկարկել գլխավոր դատախազության դեմ, որի ղեկավարությունը խոչընդոտել էր քվեարկության արդյունքների հաստատմանը։

2023 թ․ դեկտեմբերին Գլխավոր դատախազությունն սպառնացել էր օգոստոսին կայացած ընտրություններում հաղթանակած Արևալոյին զրկել անձեռնմխելիությունից` կապված իր «Սերմ» կուսակցության նկատմամբ հետաքննության հետ: Դատախազությունն ընտրությունների արդյունքներն անվավեր էր համարում՝ պատճառաբանելով ենթադրաբար տեղի ունեցած խախտումները։ Գերագույն ընտրական դատարանը հաստատել է քվեարկության արդյունքների օրինականությունը և բացառել նոր ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ առանց Գվատեմալայի Սահմանադրական դատարանի որոշման։

2023 թ. նախագահական ընտրություններում Բեռնարդո Արևալոն առաջադրվել էր «Սերմ» շարժումից: Նա հաղթանակ էր տարել երկրորդ փուլում, որն անցկացվել էր 2023 թ. օգոստոսի 20-ին` հավաքելով ձայների 58 %-ը։ Նրա գլխավոր մրցակից Սանդրա Տորեսը` կենտրոնամետ «Հույսի ազգային միություն» կուսակցությունից, ստացել էր ձայների 37 %-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում