Միջազգային

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մտադիր չէ Գազայի հատվածում իր ռազմական գործողության արդյունքներով մշտապես օկուպացնել անկլավը կամ տեղահանել տեղի պաղեստինցի բնակչությանը, մարտական գործողություններն իրականացվում են բացառապես ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես ցանկանում եմ բացարձակ հստակություն մտցնել որոշ հանգամանքների վերաբերյալ. Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա քաղաքացիական բնակչությանը: Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե պաղեստինցի բնակչության դեմ, և մենք դա անում ենք միջազգային իրավունքին լիովին համապատասխան»,- հավաստիացրել է Նեթանյահուն, որի ելույթի տեսագրությունը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։

Նրա խոսքով` Իսրայելի բանակը «հնարավոր ամեն ինչ անում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք առավելագույնի հասցնելու համար՝ օգտագործելով պաղեստինցի քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան»:

Ինչպես ընդգծել է Նեթանյահուն, այս ռազմական գործողության մեջ Իսրայելի նպատակն է «Գազայի հատվածը զերծ պահել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից և ազատել [անկլավում պահվող իսրայելացի] պատանդներին»։

«Հենց դա ձեռք բերվի, Գազան կարող է ապառազմականացվել և ապաարմատականացվել՝ դրանով իսկ ստեղծելով ավելի լավ ապագայի հնարավորություն ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցիների համար», - Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում