Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ, հայտարարվել է բնակչության տարհանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում։

Գործակալության տվյալներով` հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։

Տեղի ժամանակով կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արևմտյան սահմանին գտնվող Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։

Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումն անվանել է «սադրիչ գործողություն» և նախազգուշացրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ի պատասխան արկերի արձակման՝ Սեուլը նախատեսում է զորավարժություններ անցկացնել հյուսիս-արևմտյան սահմանային կղզիներում։

2018 թ․միջկորեական համաձայնագրից Սեուլը մասնակիորեն դուրս էր եկել նոյեմբերին՝ ի նշան բողոքի Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական հետախուզական արբանյակի արձակման դեմ։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան միակողմանիորեն չեղարկեց համաձայնագիրը։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել