Մշակույթ

«Pour toi Arménie» համերգին սիրված արտիստները կկատարեն Շառլ Ազնավուրի լավագույն երգերը

4 րոպեի ընթերցում

«Pour toi Arménie» համերգին սիրված արտիստները կկատարեն Շառլ Ազնավուրի լավագույն երգերը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ, որոնք նրան մեծ հռչակ են բերել ամբողջ աշխարհում, նոր ու հետաքրքիր մեկնաբանություններով կհնչեն արտիստին նվիրված «Pour toi Arménie» համերգին: Այն տեղի կունենա դեկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Երեկոյին ելույթ կունենան էստրադային երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը, Նաիրա Մանուչարյանը: Հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը: Նա հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում:

«Երջանիկ եմ լինել Հայաստանում՝ Երևանում: Ինձ համար իսկապես երազանք էր Ազնավուրի ստեղծագործությունները նրա հայրենիքում ներկայացնելը, քանի որ վստահ եմ, որ այստեղ այդ երգերը բոլորովն այլ համ ու հոտ են ստանալու»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Յամմինը:

Նա Շառլ Ազնավուրի արվեստին ծանոթացել է վաղ հասակում: Երկու կամ երեք տարեկան է եղել և շատ լավ հիշում է, որ իր ընտանիքում ամեն օր Ազնավուրի երգերն են հնչել: Ասում է՝ ամենուր նրա սկավառակներն էին: Հետագայում արտիստի հետ ծանոթանալու հնարավորություն է ունեցել: «Քսան տարեկան էի և սովորում էի Փարիզում: Մի օր ընկերներիցս մեկը հարցրեց ցանկանո՞ւմ եմ հանդիպել Ազնավուրին, պատասխանեցի, որ դա իմ երազանքն է: Գնացինք Ազնավուրի համերգին: Ընդմիջման ժամանակ ընկերս ինձ տարավ ետնաբեմ, որտեղ տեսա արտիստին: Այդ օրվանից ասես ավանդույթ դարձավ Ազնավուրի համաշխարհային շրջագայությունների մեկնարկային համերգներին մասնակցելը»,-պատմեց Ղասսան Յամմինը:

Նա և շանսոնյեն հաճախ են խոսել երաժշտության, Ազնավուրի երգերի, Լիբանանի մասին: Յամմինի խոսքով՝ նա շատ է սիրել Լիբանանի դիվա Ֆեյրուզի արվեստն ու միշտ հետաքրքրվել նրանով:

«Երբ ճանաչեցի Ազնավուրին, դեռ չէի երգում, դաշնամուր էի նվագում և հանդես գալիս որպես կոմպոզիտոր: Տարօրինակ էր. երբ առաջին անգամ կատարեցի Ազնավուրի երգերից մեկը, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ և մեծ արձագանք ստացավ, մեկ օր անց Ազնավուրը մահացավ»,-հիշեց երգիչը:

Ղասսան Յամմինին Հայաստանի հետ կապում են ոչ միայն Ազնավուրը, այլև իր դասատուները: Նրա դաշնամուրի բոլոր ուսուցիչները հայեր են եղել, իսկ վոկալի ուսուցիչը՝ Հովհաննես Չեքիջյանի զարմուհի Արաքս Չեքիջյանը, որը նկատել է Յամմինի ու Ազնավուրի ձայների նմանությունն ու երիտասարդին հորդորել շանսոնյեի երգերը կատարել՝ վստահեցնելով, որ այդպես նա մեծ հաջողությունների կհասնի: Ղասսամ Յամմինը մինչ օրս շնորհակալ է Արաքս Չեքիջյանին դրա համար:

Յամմինը երաժշտասերներին հրավիրեց մասնակցելու «Pour toi Arménie» համերգին՝ վստահեցնելով, որ հրաշալի երեկո է սպասվում:

Նաիրա Մանուչարյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում կատարել է Շառլ Ազնավուրի երգերը: Շանսոնյեին մեծություն, լեգենդ է համարում, որով պետք է հպարտանալ, սիրում է Ազնավուրի բոլոր ստեղծագործությունները, սակայն նրա համար յուրահատուկ է «Comme ils disent» երգը: «Եթե համերգ եմ ունենում, անպայման կատարում եմ այդ ստեղծագործությունը»,-նշեց երգչուհին:

«Ազնավուրի երգերն ինձ և նվագախմբին լավ ծանոթ են, որովհետև մեծ մասը գրեթե ամեն օր նվագում ենք: Երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որն այժմ Հայաստանում չէ, առաջարկեց կյանքի կոչել այս համերգը, սիրով համաձայնեցի»,-ասաց Երվանդ Երզնկյանը:

Մաեստրոն կարծում է՝ համերգը լավ կանցնի, քանի որ լավ երգչուհիներ ու երգիչ է մասնակցում: «Գեղեցիկ բուկետ է լինելու»,-եզրափակում է դիրիժորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում