Միջազգային

Մակրոնը Նեթանյահուի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները և գործողությունները Գազայում

2 րոպեի ընթերցում

Մակրոնը Նեթանյահուի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները և գործողությունները Գազայում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում նրան կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի նվազեցման համար, ինչպես նաև նրա հետ քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ԵՄ-ի կողմից սահմանափակումներ մտցնելու գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Ելիսեյան պալատը։

«Հանրապետության նախագահը հիշեցրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են Եվրամիության շրջանակներում ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, ինչպես նաև միջոցների մասին, որոնք միջազգային գործընկերների հետ համատեղ ձեռնարկվում են ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Իսրայելի անվտանգության ապահովմանը, սակայն խորին մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի, ինչպես նաև արտակարգ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որի մեջ հայտնվել է Գազայի խաղաղ բնակչությունը: Նա նաև կոչ է արել Նեթանյահուին միջոցներ ձեռնարկել Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ իսրայելացի նորաբնակների բռնությունները կանխելու նպատակով: Նախագահի խոսքով` այնտեղ իսրայելական բնակավայրերի կառուցման ցանկացած նոր նախագիծ կսպառնա հակամարտության կարգավորմանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում