Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև կա փոխըմբռնում, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև կա փոխըմբռնում, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասով գտնվում է խորը և շատ արդյունավետ բանակցությունների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ այժմ գտնվում է խորը բանակցային գործընթացի մեջ՝ խաղաղության պայմանագրի մասով: Այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է և դրանից բխող քայլերի հաջողությունը: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները՝ խաղաղության պայմանագիրը և խաղաղության, անվտանգության վերջնական հաստատումն անառարկելի իրականություն դարձնելու համար»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ Հայաստանը չի կարող աչք փակել իր քաղաքացիների նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների վրա, բոլոր հարթակներում խոսում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տարբեր խախտումների մասին:

Պատգամավորը համակարծիք է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գնահատականի հետ, որ պատմական հնարավորություն կա՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:

«Այդ հնարավորությունները երկուստեք պայմանավորվածությունների արդյունքում են արտացոլվում: Ես կարծում եմ, որ այսօր կա փոխըմբռնում երկու երկրների միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի: Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ մենք ունեցել ենք վերջին շրջանում: Հայաստանի Հանրապետությունը, արդեն տևական ժամանակ իր օրակարգում խաղաղությունը որպես առաջնային դարձնելով, գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում