Հասարակական

Երևանում 12 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

2 րոպեի ընթերցում

Երևանում 12 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ համայնքային ենթակայության թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված (խմբի դաստիարակի՝ երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ)՝ աշխատանքից ազատվել են նշված մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Կոստանյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Օրերս հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակը անընդունելի պահվածք է ցուցաբերել երեխաների նկատմամբ՝ վիրավորանք հասցնելով նրանց արժանապատվությանը, ինչը լայն արձագանքի է արժանացել։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, վարչական շրջանի կրթության բաժնի պետը կոնկրետ դեպքով արձանագրել էին հակամանկավարժական գործունեություն և եզրահանգել, որ մանկավարժը պետք է աշխատանքից անհապաղ հեռացվի: Աղմկահարույց այդ հարցը ստացավ համապատասխան ընթացք, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ աշխատանքից ազատվեց ոչ միայն հիշյալ դաստիարակը, այլև թիվ 94 մանկապարտեզի տնօրենն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։

Կոստանյանը հավելել է, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում