Միջազգային

ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցի համաձայն՝ համաշխարհային առևտրի ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կկրճատվի 5 %-ով՝ մինչև 30,7 տրլն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Առևտրի ոլորտում 2024 թվականի հեռանկարները գնահատվում են որպես «անորոշ»՝ հոռետեսական կանխատեսմամբ։

Նշվում է, որ «2022 թվականի կեսերից համաշխարհային առևտրում դիտվում է բացասական աճ՝ գլխավորապես ապրանքների առևտրի էական նվազման պատճառով, որը շարունակել է կրճատվել 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում»։

UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ «2023 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կկազմի մոտավորապես 30,7 տրիլիոն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մոտավորապես 1,5 տրիլիոն դոլարով կամ 5 %-ով կրճատում 2022 թվականի ռեկորդային առավելագույնի համեմատությամբ»:

Սպասվում է, որ «2023 թվականին ապրանքների առևտուրը կկրճատվի մոտ 2 տրիլիոն դոլարով կամ 8 %-ով, մինչդեռ ծառայությունների առևտուրը պետք է աճի մոտ 500 միլիարդ դոլարով կամ 7 %-ով»:

UNCTAD-ում արձանագրել են, որ 2024 թվականի համար «համաշխարհային առևտրի կանխատեսումը մնում է շատ անորոշ և, ընդհանուր առմամբ, հոռետեսական»: Սպասվում է, որ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը, պարտքի բարձր մակարդակը և լայնորեն տարածված տնտեսական անկայունությունը բացասական ազդեցություն կունենան համաշխարհային առևտրի կառուցվածքի վրա:

UNCTAD-ում պարզաբանել են, որ 2023 թվականին համաշխարհային առևտրում անկում է դիտվել զարգացած երկրներում պահանջարկի նվազման, Արևելյան Ասիայի երկրների տնտեսության թույլ ցուցանիշների և հումքային ապրանքների գների նվազման պատճառով։ Այս գործոնները միասին նպաստել են ապրանքների առևտրի զգալի կրճատմանը: Եվ հակառակը, ծառայությունների առևտրում 2023 թվականի մեծ մասի ընթացքում դիտվում է աճ։ Առևտրի անկումն ավելի ընդգծված է եղել զարգացող երկրներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում