Քաղաքականություն

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված վստահության ամրապնդմանը

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված վստահության ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններն՝ ուղղված երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որի մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ, և աջակցում ենք այս ուղղությամբ լրացուցիչ քայլերի քննարկումը շարունակելու որոշումը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ կերպով ստորագրվի խաղաղության համաձայնագիր, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը», - ​​ասվում է փաստաթղթում։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում