ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է Ադրբեջանի հետ շփումները, որպեսզի հորդորի նրանց խաղաղության հասնել Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը չի շարունակի սովորական հարաբերությունները Բաքվի հետ, եթե չլուծվի ղարաբաղյան հակամարտության հարցը, ինչպես շաբաթներ առաջ Կոնգրեսում հայտարարել է պետքարտուղարի օգնական Ջեյմս Օբրայենը, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, մինչև խաղաղության գործընթացում առաջընթաց չտեսնեն։
«Մենք շարունակում ենք ուղղակի շփումներն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե ինչ մտահոգություններ ունենք։ Մեզ մտահոգում են լրագրողներին ձերբակալելու վերջին միտումները։ Մենք շարունակում ենք հորդորել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնական ազատություները բոլորի համար։ Այդ մասին մենք այս հարթակից նախկինում էլ ենք խոսել։ Մենք նաև շարունակում ենք նրանց հետ շփումները, որպեսզի հորդորենք նրանց տևական խաղաղության հասնել Հայաստանի հետ, և մենք դրա վրա կշարունակենք կենտրոնանալ մեր դիվանագիտական շփումների ընթացքում», - ասել է Միլլերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կլինի Ադրբեջանում և Ռումինիայում։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։