Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային հարցերում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային հարցերում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Պարույր Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանի խոսուն աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերում:

«ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը, ներկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարները, ինչպես նաև բարձր է գնահատել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված ԵՄ քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները իրենց հերթին մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում:

Նշվում է, որ զրուցակիցների խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում