Հարցազրույց

Եվրոպան պետք է ինչ-որ պահի ապահովի Հայաստանի պաշտպանությունը․ բելգիացի պատգամավորի հարցազրույցը

30 րոպեի ընթերցում

Եվրոպան պետք է ինչ-որ պահի ապահովի Հայաստանի պաշտպանությունը․ բելգիացի պատգամավորի հարցազրույցը

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միշել դը Մաեգդի նախաձեռնության եւ հետեւողականության արդյունքում Բելգիայի ներկայացուցիչների պալատում ամեն տարի դեկտեմբերի 12-ին ազգային հիշատակի օրն է նշվում՝ ոգեկոչելով Բելգիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում բելգիացի խորհրդարանականը պատմել է, թե ինչու էր իր համար կարեւոր ազգային օրվա հաստատումը։ Դը Մաեգդն անդրադարձել է նաեւ Բելգիա-Հայաստան երկկողմ հարաբերություններին, համագործակցության հեռանկարներին եւ Ադրբեջանին դատապարտող բանաձեւին, որը Բելգիայի դաշնային խորհրդարանն ընդունել է միաձայն։

-Պարոն Դը Մաեգդ, Դուք Ձեր քաղաքական աշխատանքը կենտրոնացնում եք իրավիճակների վրա, որոնց մասին քիչ է խոսվում: Առաջին բանը, որ մենք տեսնում ենք Ձեր աշխատանքային առաջնահերթությունների մեջ, Հայաստանը եւ մյուս երկրներն են, որոնք որոշ չափով մոռացվել են: Որպես նախկին լրագրող՝ ինչպե՞ս եք բացատրում այս համընդհանուր անտարբերությունը։

-Այո, ճիշտ է: Ես հաճախ եմ ամբիոնից դատապարտել այս երևույթը։ Մենք անտարբեր ենք իրավիճակի նկատմամբ։ Աշխարհը բարդ է, իսկ միջազգային հարաբերություններում հաճախ ասվում է՝ ընկերներ չկան, կան դաշնակիցներ։ Եվ այս դաշնակիցները, ցավոք, թե բարեբախտաբար, փոխվում են՝ կախված իրավիճակից։ Շատ հստակ է՝ իմ արածը․ սա համոզմունքի ընտրություն է Հայաստանին աջակցելու համար, և ես դա արել եմ դեռ ընտրվելուց առաջ։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի մոտ տեղի ունեցած արարողության ժամանակ ես պարտավորվել եմ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ աշխատանքը ես սկսել եմ դեռ իմ լրագրողական աշխատանքի տարիներից: Այնպես ստացվեց, որ այդ տարիներին որպես լրագրող մեկ ամսով Ռուանդայում էի՝ ցեղասպանական իրադարձությունները լուսաբանելու համար: Դրանք չափազանց բարդ իրադարձություններ էին․ այդպիսիք եղել են նաեւ Սրեբրենիցայում, Բոսնիայում։ Ես միշտ հասկացել եմ, թե ինչ կարող են զգալ մարդիկ, որոնք ինչ-որ պահի ցեղասպանության զոհ են դարձել: Նույնը շատ ուժեղ զգում եմ հայ համայնքի դեպքում: Սա դեռ շատ թարմ է նաեւ այսօր, թեև տեղի է ունեցել 1915 թվականին։ Ինքս ինձ ասացի, որ մենք պետք է օգնենք նրանց, հատկապես, երբ մեր հասարակություններում, որոնք հաճախ անհանդուրժող են, տեսնում եմ, թե ինչպես են որոշ մարդիկ հերքում ապացուցված փաստերը։ Ես գնացի Երևան, այցելեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պետք է այցելել Ցեղասպանության թանգարան, որպեսզի հասկանաս, որ իրականում ամեն ինչ փաստագրված է, և որ դա նախապես փաստագրված է եղել ժամանակի մամուլի կողմից: Մենք գիտեինք և հակառակ կողմն էինք նայում, ուստի կարծում եմ, որ մենք իրական պատասխանատվություն ունենք դրա համար։ Ահա թե ինչու ես պայքարեցի հանուն դրա ճանաչման և Ներկայացուցիչների պալատում հիմք դրեցի Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների, ներառյալ Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու պաշտոնական արարողությանը: Դա ինձ համար սկզբունքային էր, քանի որ դա խոստում էր, որ ես տվել էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, երբ դեռ նույնիսկ ընտրված չէի և նախընտրական քարոզարշավ էի անցկացնում։ Քաղաքականության մեջ խոսքն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ամենից առաջ անհրաժեշտ են գործողությունները։ Խոսքը պետք է համընկնի արարքների հետ։ Մեզ դա հաջողվեց, ես շատ ուրախ եմ դրա համար և կարծում եմ, որ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելը հիմնարար է, դա ապագա սերունդների համար է։ Սա հարցի խորհրդանշական կողմն է։ Ավելի պրագմատիկ և կոնկրետ առումով ես միշտ համոզված եմ եղել, որ Հայաստանը, ցավոք, ինչ-որ չափով մոռացված երկիր է։ Կա Էրդողանը և ընդհանրապես Թուրքիան, որը մեծ տարաձայնություններ ունի հայերի հետ։ Կա Ալիեւը, ում հայրն արդեն մեծ վեճ ուներ հայերի հետ։ Այդ պատճառով Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրի աշխարհագրական դիրքը խոսում են նրա դեմ, քանի որ Հայաստանը չունի այնպիսի մեծ հումք, ինչպիսին ունեն ադրբեջանցիները, օրինակ՝ գազը։ Գիտեք, որ Եվրոպան մի պահ վաճառեց իր հոգին, որպեսզի Ռուսաստանի շրջափակումից հետո գազ գնի Ադրբեջանից, թեեւ բոլորս էլ գիտենք, որ գազը, որը մենք գնում ենք Ադրբեջանից, հիմնականում գալիս է նաեւ Ռուսաստանից: Այսպիսով, այս ամենը չափազանց երկերեսանի է, եւ ես վերադառնում եմ սկզբում ասածիս՝ աշխարհաքաղաքականության մեջ շատ ցինիզմ կա, ընկերներ չկան, կան միայն դաշինքներ, և ես ցավում եմ դրա համար: Բազմիցս դա դատապարտել եմ Ներկայացուցիչների պալատում պատասխանատու նախարարների առջեւ եւ կշարունակեմ դատապարտել, քանի որ դա համոզմունքի ընտրություն է: Որովհետև, այո, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք օգնել այն երկրներին, որոնք, թերևս, ամենաքիչ ապահովվածն են, ամենաքիչ պաշտպանվածը։ Դա նաև պատգամավորի մասնագիտության վեհությունն է, որպեսզի մատնանշենք, թե որտեղ ենք թերանում եւ որտեղ մեր կարիքը կա։ Ես դա անում եմ եւ կշարունակեմ անել: Բայց ճիշտ եք, միայն Հայաստանը չէ: Ես հոգ եմ տանում այլ երկրների մասին ևս, բայց Հայաստանը, եթե անկեղծ լինեմ, իմ պատգամավորական գործունեության 60 տոկոսն է։ Ես իսկապես պարտավորվեցի հոգով և մարմնով՝ զարգացնելով հարաբերությունները թե՛ Երեւանի, թե՛ Բրյուսելի հայ համայնքի հետ։ Ես հայտնաբերեցի մի ժողովրդի, որը պարզապես շատ ոգեշնչող է: Նրանք մարդիկ են, որոնք աշխատում են, որոնք ձեռներեցներ են, որոնք ինձ համար սրտով լիբերալներ են՝ տոգորված ազատության ձգտումով, ինչպես ես՝ որպես ազատական:

IMG_8388.jpg (3.03 MB)

-Հաճախ հակվածություն կա կարծելու, որ պատգամավորը կամ սենատորը ինչ-որ գործի հավատարիմ է կա՛մ ընտրական քվեներ ստանալու, կա՛մ տվյալ երկրի հետ ընտանեկան և այլ կապերի պատճառով։ Երկուսն էլ ճիշտ չեն Ձեր դեպքում։ Ինչո՞ւ է Ձեզ համար կարևոր հայկական հարցը, և արդյոք ադրբեջանցիները փորձե՞լ են հանդիպել Ձեզ և հակառակը համոզել:

-Իրականում իմ առաջին տեքստը, որը ես ներկայացրել էի որպես պատգամավոր, նպատակաուղղված էր Ցեղասպանության ժխտումը պատժելուն: Ես դա անմիջապես արեցի․ ուզում էի արագ առաջ շարժվել, քանի որ մասնավոր սեկտորից էի գալիս եւ սիրում եմ կոնկրետ արդյունքներ: Տեքստը ներկայացրեցի Պետխորհրդին, որպեսզի համոզվեմ և իմանամ, թե ինչ են պատրաստվում ասել այդ մասին։ Բայց տեքստը Պետխորհրդի մակարդակով արգելափակվեց, քանի որ իրավական առումով Հայոց ցեղասպանությունը երբեք չի դատապարտվել Միջազգային քրեական դատարանի կողմից։ Պետխորհուրդն այն ժամանակ արգելափակեց տեքստը, եւ ես իմ գործընկերոջ հետ մեկ այլ միտք ունեցա․ մենք նախաձեռնեցինք Հիշատակի օրը, որի մասին պատմեցի։ Այն, ի դեպ, ընդունվեց միաձայն։ Հայաստանի լոբբիստ չեմ, պարզապես իմ խոսքի տերն եմ եւ առանձնահատուկ հետաքրքրություն չունեմ, Հայաստանում ընտանիք չունեմ, ավելի ու ավելի շատ հայ ընկերներ ունեմ, բայց դա ուրիշ է։ Ինձ համար շատ կարեւոր էր այս գործին աջակցելը, ես դա արեցի անշահախնդիր, բայց վճռական և հիմնարար:

-Այո, ցավոք, այն հաջողությամբ չպսակվեց, չնայած այն հանգամանքին, որ կան այլ երկրներ, որոնք ընդունել են ժխտողականությունը քրեականացնող օրենքը, օրինակ՝ Հունաստանը Ֆրանսիան։ Այսօր շատ փորձագետներ, օրինակ՝ Լուիս Մորենո Օկամպոն, ասում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, փաստացի հետեւանքն է նրա, որ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչվեց և չդատապարտվեց։ Արդյո՞ք անպատժելիությունը չէ՞, որ քաջություն է տալիս ագրեսորին։ Դուք հեղինակն եք այն բանաձեւի, որով Բելգիան պաշտոնապես եւ խստորեն դատապարտում է Ադրբեջանին։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանություններին նման կոչերը չեն կանգնենցնում։ Ո՞ր պահին եվրոպական պետությունները, Բելգիայի իշխանությունները վերջապես կհասկանան, որ իրենց լռությունն է, որ քաջություն է տալիս ագրեսորին։

-Երկու տարր կա։ Նախ, Լուիս Օկամպոն ուշագրավ անձնավորություն է, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ։ Ես նրա խոսքերը փոխանցեցի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից՝ լիագումար նիստում՝ զգուշացնելով, որ մենք կրկին ցեղասպանության վտանգի առջեւ ենք, ինչպես եղավ 1915 թվականին: Նա մեկն է, ով գիտի իր գործը, եւ, հետևաբար, ես կիսում էի նրա տեսակետն ու մտահոգությունը: Ես չափազանց հիասթափված էի, երբ տեսա իրադարձությունների շրջադարձը Լեռնային Ղարաբաղում։ Մենք գտնվում ենք էթնիկ զտումների մի ձևի մեջ, որն, ի վերջո, նպատակ ունի շարունակել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից ձեռնարկված սարսափելի գործը: Ի՞նչ արեց Ալիևի հայրը: Նա արդեն դատարկել էր Նախիջեւանը հայերից եւ վերացրել հայկական մշակույթի բոլոր հետքերը։ Իսկ հիմա ի՞նչ ենք պատրաստվում անել։ Վտանգ կա, որ նույն բանն անելու են Լեռնային Ղարաբաղում։ Սա ակնհայտորեն անհանդուրժելի է: Սա է նաեւ պատճառը, որ մի քանի շաբաթ առաջ ներկայացրի մեկ այլ տեքստ՝ 4-րդ բանաձեւը, որն այժմ ուսումնասիրվում է։ Այն ի գիտություն է ընդունվել լիագումար նիստում և նպատակ ունի պաշտպանել հայկական՝ ճարտարապետական, մշակութային, կրոնական ժառանգությունը Ղարաբաղում, քանի որ անընդունելի է իմանալով Նախիջևանում տեղի ունեցածը, նույնին ականատես լինել մի քանի տարի անց Լեռնային Ղարաբաղում։ Այսպիսով, սա առաջին հարցն է: Երկրորդ, ինչո՞ւ են եվրոպական երկրներն այդքան զգուշավոր։ Կա ցինիզմ և կա սեփական շահերի պաշտպանության ձև։ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի դեմ, որը մեզանից 2000 կմ հեռավորության վրա է, և դա իսկապես պատերազմ է, որն ուղղակիորեն սպառնում է մեզ․ այն այնքան մոտ է, որ ասես Ֆրանսիայի հարավում է։ Կարծում եմ, որ ուշադրությունն ու հայացքն առաջին հերթին Ռուսաստանի վրա են կենտրոնացված։ Կա նաև այն փաստը, որ Բելգիան, ինչպես գիտեք, փոքր աշխարհագրական երկիր է, բայց, այնուամենայնիվ, մի երկիր, որն իր պատմության պատճառով լսվում է միջազգային ասպարեզում: Եվ ես գիտեմ, որ նախարար Հաջա Լահբիբը, ում հետ ես համակարծիք եմ և ով իմ քաղաքական կուսակցությունից է, պարբերաբար միջամտում է: Ես գնացի նրա գրասենյակ՝ բացատրելու տարածաշրջանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ողջ իրավիճակը, որպեսզի նա իրոք հստակ տարրեր ունենա, և մենք միասին շատ երկար քննարկումներ ունեցանք։ Նա ինձ օգնություն առաջարկեց, որը ես նույնպես ստացա Զինվորի տան համար։ Նախարար Լահբիբն իսկապես շատ է ներգրավված և շատ մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Ես դա տեսնում եմ, քանի որ նա ցույց է տալիս դա ամեն քայլափոխի: Այնուամենայնիվ, շարունակելու եմ կուլիսների հետևում եւ ոչ միայն, հարցն առաջ մղել, քանի որ կարևոր է։ Բայց հստակ է, որ Բելգիան հաճախ հանդես է գալիս այսպես կոչված բազմակողմ մակարդակով։ Ակնհայտորեն ամուր երկկողմ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, առավել ևս, երբ հիմա դեսպանություն բացեցինք, ինչը դեռ հազվադեպ է դիվանագիտության պատմության մեջ․ սա պետք է ընդգծել: Այսօր, երբ աշխարհաքաղաքականությունը փոխվում է, ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի հեռուն գնանք և փորձենք հյուպատոսություն բացել: Ես փորձելու եմ նաեւ այս ուղղությամբ աշխատել նախարարի հետ։ Ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ մենք հաճախ գործում ենք բազմակողմ մակարդակով, թաքնվում ենք եվրոպական բազմակողմանիության հետեւում։

-Դեսպանության բացմամբ տնտեսական, քաղաքական հարաբերություններում նոր մակարդակի անցում պետք է ակնկալել։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսում երկկողմ հարաբերությունների համար։

-Ակնհայտ է, որ դեսպանատուն բացելու լավ պատճառ ունենք։ Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունն ամբողջությամբ փոխվում է։ Ես հնարավորություն ունեցա առաքելությամբ մեկնել Վրաստան՝ ձեր հարևան երկիր, բայց նաև Ղազախստան, որը գտնվում է Ադրբեջանից անդին, և տեսա, որ կա այն, ինչ մենք անվանում ենք միջին միջանցք, որը կառուցվում է հումք տեղափոխելիս Ռուսաստանը շրջանցելու համար։ Ակնհայտորեն գիտակցում ենք, որ այսօր այս տարածաշրջանը դառնում է կարևոր ռազմավարական տարածաշրջան: Որովհետև մենք էլ ենք զգում, որ Հայաստանում փորձեր են արվում ասելու՝ լսեք, ռուսները մեզ չեն պաշտպանել։ Մենք դա տեսել ենք ղարաբաղյան վերջին երկու պատերազմների ժամանակ։ Հայերը պաշտպանություն չստացան՝ չնայած պայմանագրին, որը չաշխատեց։ Ռուսներն այլ կողմ են նայել, եւ ես, ուսումնասիրելով այս հարցը, վաղուց եմ համոզվել, որ ռուսներն ավելի ներդաշնակ են իրենց շահերը պաշտպանելու հարցում, որոնք, իհարկե, շատ հին շահեր են։ Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ցանցը շատ սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, բայց նրանք ոչինչ չեն անում, դիտորդներ են, միջամտելու մանդատ չունեն։ Իսկ երբ խնդրում ենք, որ ՀԱՊԿ-ի պայմանագրով միջամտեն, ոչ ոք չի միջամտում։ Սա մի փոքր նման է 1915-ին տեղի ունեցածին: Հուսով եմ, որ ինչ-որ պահի Հայաստանը խորհրդանշական առումով շատ ավելի կուժեղանա, քանի որ դա ինձ համար կարեւոր է: Մենք գիտենք, որ նախագահ Էրդողանի, նախագահ Ալիեւի ցանկությունն է ստեղծել թուրքալեզու երկրների մի մեծ տարածք, որպեսզի հասնեն մինչև Չինաստան և ույղուրներ, ովքեր նույնպես թուրքալեզու են՝ անցնելով Տաջիկստանով և ամբողջ տարածաշրջանով: Այս բռնապետերը, քանի որ պետք է իրերն իրենց անուններով կոչել, միայն մեկ ցանկություն ունեն եւ իրականում այս մեծ ծրագիրն իրականացնելու վրա են կենտրոնացած։ Եվրոպան, որը իրավունքների, ազատությունների, ժողովուրդների ազատագրման երաշխավոր է, պետք է որոշակի պահի ապահովի Հայաստանի պաշտպանությունը։ Համոզված եմ, որ բազմակողմ մակարդակում կարող ենք ավելին անել հայ ժողովրդին եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հետագա պաշտպանության համար։ Բայց ակնհայտ է, որ հայերն էլ պետք է կարողանան իրար մեջ պայմանավորվել, քանի որ գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանում 2 հիմնական միտում կա։

Քիչ առաջ հարցրեցիք, թե ինչպիսի՞ն է Եվրոպայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Ի վերջո, նա այնտեղ է միայն իր շահերը պաշտպանելու համար: Պատրա՞ստ է Եվրոպան մի փոքր ավելի առաջ շարժվել։ Եվրոպան բացարձակապես ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Կա շատ հստակ համաձայնագիր, որը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերին և վավերացվել այստեղ՝ Բելգիայի խորհրդարանում, 2023 թվականի սեպտեմբերին՝ Եվրամիության բոլոր երկրների և Հայաստանի միջև ընդհանուր օդային տարածք ստեղծելու վերաբերյալ։ Հետեւաբար, դա ակնհայտորեն շատ խորհրդանշական է, բայց նաև շատ կոնկրետ քայլ է, քանի որ այն կխրախուսի Միության և Հայաստանի միջև օդային հարաբերությունների աստիճանական ազատականացումը։ Սա կխթանի այս երկրների միջև ազատ առեւտուրը: Մենք գիտենք, որ ազատ առեւտրի գոտում ճանապարհորդելու հնարավորությունը շատ կարևոր է, եւ, հետեւաբար, այն նաև հնարավորություն կտա ավելի բարձր չափանիշներ ընդունել օդային անվտանգության և երթևեկության կառավարման առումով: Այս ներդաշնակեցումը կարող է նպաստել Հայաստանի եւ Եվրոպայի միջև օդային ոլորտում արդար մրցակցությանը, եւ սա օրինակներից մեկն է, որը ցույց է տալիս, որ Եվրոպան բացվում է Հայաստանի առջեւ: Հայաստանը եւս պետք է բացվի Եվրոպայի առջեւ։ Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ և մշակույթով խարսխված կապեր: Պատմության տրամաբանությունն այն է, որ մենք ավելի ու ավելի ենք մոտենում: Եվ, հետեւաբար, բոլորս շահագրգռված ենք երկկողմ մակարդակով խրախուսելու Հայաստանի եւ Եվրոպայի ու մասնավորապես Բելգիայի միջեւ հարաբերությունները։ Բայց կան բաներ, որոնք արվում են երկկողմ մակարդակով, եւ կան այլ բաներ, որոնք արվում են բազմակողմ մակարդակով։ Ես էլ իսկապես փորձում եմ իմ ուժերի ներածին չափով անել այն, ինչ կարող եմ: Ես ընդամենը արտաքին կապերի պատասխանատու պատգամավոր եմ։

IMG_8386.jpg (3.26 MB)

-Այսօր Հայաստանում շատերն են հարցնում, թե կարո՞ղ ենք իսկապես վստահել Եվրոպային, որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի մեզ։ Մենք տեսանք, որ նույնիսկ զինված ուժերի ֆիզիկական ներկայությունը չխանգարեց Ադրբեջանին։ Ձեր կարծիքով արդարացվա՞ծ է այն մտահոգությունը, որ մեզ եւս մեկ անգամ և այս անգամ Արևմուտքի կողմից սեփական շահերի համար օգտագործելու են։ Ինչպե՞ս կարող ենք վստահել, եթե օրինակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գնում է Բաքու եւ Ադրբեջանին կոչում վստահելի գործընկեր։

-Կարծում եմ, որ աշխարհաքաղաքականությունը բազմակի է։ Կա Եվրոպա, և դուք իսկապես իրավացի եք, այն չունի պաշտպանություն․ դա Եվրոպայի մեծ Աքիլլեսյան գարշապարն է։ Կա ընդհանուր պաշտպանության միջուկ, բայց դեռ չկա եվրոպական բանակ։ Մենք թույլ չենք տա, որ դիպչեն Հայաստանի սահմաններին ու ամբողջականությանը։ Նախ այն պատճառով, որ ձեր թիկունքում ամուր բանակ ունեք, որը Ֆրանսիայի բանակն է՝ այդ երկրի նախագահով, ով այս հարցում շատ հստակ է արտահայտվել։ Կարծում եմ, որ եվրոպական պաշտպանական կորիզն այդ ժամանակ կկարողանա միջամտել։ Այս ուղերձը մենք պետք է հղենք ադրբեջանցիներին։ Վերադառնալով թուրքերի կամ ադրբեջանցիների ճնշումների հետ կապված ձեր հարցին։ Երբ ես պատրաստեցի Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների հիշատակի ճանաչման տեքստը, ինձ Թուրքիայի դեսպանը 3 անգամ կանչեց, ով ցանկանում էր ինձ տալ իրադարձությունների իր մեկնաբանությունը, որն ակնհայտորեն իմը չէ, եւ ոչ էլ հայերինը։ Բայց նա շատ արագ հասկացավ, որ ես հիմնվում եմ իմ սեփական համոզմունքների և իմ կատարած աշխատանքի վրա։ Եվ ինձ համար ակնհայտ էր, որ դա ռեւիզիոնիզմի անօգուտ ձեւ էր։ Մենք խոսեցինք, մնացինք քաղաքավարության սահմաններում։ Ես նկատեցի, որ ադրբեջանցիների մոտ այլ մոտեցում է։ Նրանց մոտ ավելի շուտ բոյկոտի ձեւ է՝ ես կասեի: Նրանք շատ արագ փորձում են շրջանցել Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւ պարբերաբար փորձում են հրավիրել պատգամավորների, ովքեր այս հանձնաժողովում չեն, որպեսզի փորձեն գոնե այդպես իրենց կողքին ունենալ բելգիացի պատգամավորներ։ Եվ նման դեպքերում ես փորձում եմ զգոն լինել և զգուշացնել իմ գործընկերներ պատգամավորներին։ Օրինակ՝ նրանք հրավիրեցին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆին, բայց նա ինձ ասաց՝ ես կգնամ, եթե դու էլ գաս։ Եւ ես միշտ ասել եմ՝ երբեք չեմ հրաժարվի Ադրբեջան առաքելության գնալուց։ Որովհետև կարծում եմ, որ դատարկ աթոռի քաղաքականություն խաղալու փոխարեն ավելի լավ է գնալ այնտեղ եւ ասել այն, ինչ մենք պետք է ասենք հայերի հարցում։ Այնպես որ, եթե ինձ հրավիրեն, կգնամ, բայց, քանի որ ինձ չեն հրավիրել, նախագահն էլ չի գնացել։ Վերջին իրադարձություններից հետո, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հանձնմանը, կարող եմ ասել, որ Բելգիա-Ադրբեջան միջխորհրդարանական միությունը դե ֆակտո որոշել է խզել իր հարաբերությունները։ Այսպիսով, ադրբեջանցի և բելգիացի խորհրդարանականների միջեւ, երկու երկրների միջեւ այլեւս հնարավոր չէ որեւէ առաքելություն: Այսպիսով, կան հստակ քայլեր, որոնք ձեռնարկվում են, երբ հատվում է մեր կարմիր գիծը:

-Բելգիայում թուրքական համայնքը բավականին մեծ է, իսկ սոցիալիստական ​​քաղաքական կուսակցությունն ունի բազմաթիվ թուրքական ծագում ունեցող անդամներ։ Արդյոք թուրքական համայնքը տեսանելի և էական ազդեցություն ո՞ւնի Բելգիայի կառավարության որոշումների վրա։

-Թուրքական սփյուռքի եւ Էրդողանի ռեժիմի միջև կապերը հաստատված եւ ամուր են։ Դուք ինձ նման շատ լավ հիշում եք այն ցույցը նախընտրական քարոզարշավի կեսին, որտեղ Էրդողանը երկհարկանի ավտոբուսով եկավ Place de Brouckere եւ ընտրական հանրահավաք անցկացրեց, որտեղ թուրքեր կային, որոնք եկել էին բոլոր հարեւան երկրներից, հիմնականում Գերմանիայից, որտեղ շատ մեծ համայնք կա, բայց նաև Նիդեռլանդներից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ինձ միշտ զարմացրել է տեսնելը, թե ինչպես կարող ես լքել քո երկիրը՝ ավելի շատ ազատություն ունենալու համար, բայց դեռ քվեարկել այն ծրագրի օգտին, որը զրկում է ազատությունից։ Սա մի բան է, որը ես ինտելեկտուալ առումով դժվարանում եմ հասկանալ: Պարզ ասեմ, ես չեմ ընտրել մի կողմը մյուս կողմի դեմ։ Ո՛չ, ես միշտ փորձում եմ ունենալ իրադարձությունների արդար, խիստ, պրագմատիկ տեսլական, և շատ պարզ է, որ այդ տեսլականն ինձ տանում է դեպի հայեր։ Բայց դա չի նշանակում, որ ես դեմ եմ թուրքական համայնքին, դեմ եմ թուրքական սփյուռքին։ Ես միշտ փորձում եմ հիմնվել փաստերի վրա, լինել պրագմատիկ, լինել արդար։ Եւ այն մոտեցումը, որ մենք բացարձակապես պետք է լինենք այս կամ այն կողմի կողքին, ծիծաղելի եմ համարում։

-Դուք խոսեցիք կարմիր գծերի մասին։ Եվրոպական շատ երկրներ ասում են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց կարմիր գիծն է։ Եթե ​​Ադրբեջանը հարձակվի, իսկ մենք գիտենք, որ դա շատ հավանական է, ի՞նչ կանի Բելգիան։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի մասի կասեցման կամ սահմանափակման հնարավորություն կա՞։

-Այն բանաձևում, որը ես ընդունել տվեցի 2023 թվականի փետրվարի 16-ին, կոչ էր արվում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը դատապարտեց այս արգելափակումը։ Դա իսկապես պարզ էր միջազգային իրավական սկզբունքների առումով։ Բանաձեւում ես արդեն իսկ հավաստիացրել եւ ուշադրություն էի հրավիրել, որ սպառնալիք կա։ Բանաձեւն ընդունվեց միաձայն։ Բայց տեսնում եմ, որ կառավարությունները դեռ քայլեր չեն ձեռնարկել եւ դեռ այնքան հեռու չեն գնացել, որ պատժամիջոցներ սահմանեն։ Անկեղծորեն ցավում եմ, քանի որ մի քայլ բաց ենք թողել, դա պետք էր անել դեռ այն ժամանակ։ Մենք պետք է մեսիջներ ուղարկեինք Ադրբեջանին, բայց գիտենք, թե ինչու դա չարեցին։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քիչ իր հոգին ծախեց՝ գնալով ի շահ Եվրոպայի, գազի ու ես դա հասկանում եմ։ Ուկրաինայում պատերազմ է, Եվրոպայում իսկական էներգետիկ ճգնաժամ է, և մենք պետք է պաշտպանվենք։ Կարեւոր է մեր համաքաղաքացիների կենսամակարդակը, ռեսուրսների մատակարարումը։ Բայց միշտ հավասարակշռություն է պետք այն բանի միջեւ, թե ինչ պետք է արվի բնակչության բարեկեցությունը պահպանելու համար, և թե որքանով մենք կարող ենք փոխզիջման մեջ լինել մեր հիմնարար արժեքների հետ կապված: Բարդ է, քանի որ դա նշանակում է, որ Եվրոպան երբեմն երկու տարբեր դիսկուրս ունի: Նա շատ արժեքավոր դիսկուրս ունի՝ առաջ քաշելով հիմնարար արժեքներ, երբ իրեն հարմար է, հետո երբ իրեն ավելի քիչ է ձեռնտու, մենք հակված ենք մեր հայացքն այլ կողմ նետել։ Սա ինքնաքննադատություն է, որ կարող ենք եւ պետք է անենք։ Եթե ​​Հայաստանի վրա հարձակվեն, կլինի քաղաքական ցունամի։ Եվ այդ ժամանակ, հավատացեք, ես կբարձրանամ բարիկադների վրա, որպեսզի Բելգիան մոբիլիզացվի։ Մենք Բելգիայում ունենք ռեսուրսներ, ի վիճակի ենք, ինչպես ցույց տվեցինք, զենք տալ Ուկրաինային։ Հետեւաբար, անհրաժեշտության դեպքում, իհարկե, պետք է պաշտպանենք հայերին։ Բայց ես պնդում եմ՝ մի կողմից կա Եվրոպան, հետո՝ ազդեցության բլոկը՝ ի դեմս ԱՄՆ-ի։ Կարծում եմ, որ հայերի խնդիրն է խաղալ մի քանի ճակատներում: Մենք պետք է շատ հաստատակամ մնանք մեր արժեքների հարցում եւ թույլ չտանք, որ ոտնահարվի հայկական տարածքը, ինչպես դա եղել է մի քանի անգամ վերջին ամիսներին և տարիներին։ Երբ ես այցելեցի Գորիս, եղա մի գյուղում, որը ռմբակոծվել էր եւ որը գտնվում է հայկական տարածքում։ Վերադարձիս վարչապետ Ալեքսանդր դը Կրոյի ուշադրությունը հրավիրեցի հարցի վրա։ Յուրաքանչյուր Եվրոպական հարցերի հանձնաժողովում ես Ալեքսանդր Դը Կրոյին հարց եմ տալիս Ղարաբաղի և Հայաստանի իրականության մասին: Ես նույնիսկ ստիպված էի մի օր նրան բացատրել Հայաստանի և Ղարաբաղի տարբերությունը, որովհետեւ ակնհայտորեն դա նրա մտքում այնքան էլ պարզ չէր:

-Դուք շատ եք ներգրավված Երևանի Զինվորի տան համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նախագծում։ Ինչո՞ւ է սա կարևոր Ձեզ համար և հորիզոնում նոր աջակցություններ կան։

-Երբ Երևանում էի, հնարավորություն ունեցա այցելելու կենտրոն և տեսա, թե որքան ուշագրավ է նախագիծը։ Նախ ասեմ, որ ես մասնակցել եմ Ղարաբաղում մարտերում զոհված շատ երիտասարդ զինվորների հուղարկավորություններին։ Ես տեսա ընտանիքներ, որոնք ամբողջովին ավերվեցին՝ կորցնելով 18 տարեկան զավակ: Եթե ​​գնաք և տեսնեք այդ գերեզմանները, սարսափելի է, քանի որ գրեթե բոլոր զոհվածները, բոլոր երիտասարդ զինվորները 18-ից 20 տարեկան են: Ի՜նչ անարդարություն է 18 կամ 20 տարեկանում կյանք կորցնելը։ Սա սովորաբար այն տարիքն է, երբ դուք պետք է մտքում ունենաք բոլոր հնարավոր նախագծերը և բաց լինեն բոլոր հորիզոնները, որպեսզի ինքներդ ձեզ ասեք «աշխարհն իմն է»: Եվ այս մարդիկ զոհվում են ազատության, իրենց հայրենիքը պաշտպանելու համար պայքարելով։ Ես իսկապես չափազանց հուզված էի դրանից: Իսկ Զինվորի տանը մենք բուժում և կյանքի ենք կոչում իսկապես տուժած, փրկված, բայց լուրջ վնասներ կրած զինվորներին։ Այս նախագծի բժշկական հարթությունը կա: Բելգիան ֆինանսավորել էր 2 ամբողջական, շատ ժամանակակից վիրահատարաններ։ Բայց կա նաև հոգեսոցիալական վերաինտեգրման եւ երկրորդ կյանք տալու չափումը: Մի օրինակ շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա. Հայկական օպերայի մի պարող կա, ով մարտի է գնացել եւ կորցրել իր երկու ոտքերը՝ հայրենիքի համար կռվելու գնալով։ Զինվորի տունը նրան վերադարձրեց ոտքերը, իհարկե, արհեստական ​​ոտքերը, և նա նորից կարողացավ պարել Երևանի օպերայում։ Ես դա պարզապես հրաշալի եմ համարում: Ֆիզիկական, բայց նաև հոգեբանական մակարդակով այս երիտասարդները երբեմն անելանելի վիճակում են: Որովհետև պատերազմը շատ դաժան է․ ես դա որպես լրագրող տեսել եմ Կոսովոյում, Ռուանդայում, Բոսնիայում: Այն կարող է խորապես արմատացած հետքեր թողնել յուրաքանչյուր անհատի մեջ, հատկապես, եթե մենք վիրավորվել ենք, կամ նույնիսկ ավելին՝ եթե կորցրել ենք որդի, մայր կամ հայր: Ես կարծում եմ, որ սա հոյակապ նախագիծ է, եւ դրա համար էի ուզում պայքարել: Հուսով եմ՝ շուտով կհայտարարվի այլ օգնության մասին: Գործը դրված է արտաքին գործերի նախարարի սեղանին, և հոգեսոցիալական օգնությունից բացի, պետք է լինի նաեւ օգնության մեկ այլ տրանշ, ինչը նույնպես կարևոր է։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում