Ինովացիա

Անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է  կապ հաստատել

3 րոպեի ընթերցում

Անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է  կապ հաստատել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայասաթ» թիմը հաջողությամբ հետևում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակի թռիչքին, որի հետ հաջողվել է կապ հաստատել։

«Արմենպրես»-ին «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից նաև տեղեկացրին, որ արբանյակն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով՝ առանց խոչընդոտների։

Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերքSpaceX ընկերության Falcon-9 հրթիռովԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո«Հայասաթ-1»արբանյակն հաջողությամբանջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է ««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։

«Հայասաթ-1» արբանյակըCubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է։ Այնզինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU),որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։

Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ 1»-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում