Պաշտոնական

ՀՀ նախագահը և Նասիմ Թալեբը մտքեր են փոխանակել խաղաղության հայեցակարգերի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Նասիմ Թալեբը մտքեր են փոխանակել խաղաղության հայեցակարգերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբին, որը Հայաստանում է Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները:

«Իր խոսքում նախագահը նշել է, որ խմբագրել է հեղինակի «Incerto»-ի հինգ հատորանոց փիլիսոփայական էսսեն անորոշության մասին, որը հրատարակվել է 2001-ից 2018 թվականներին՝ «Հակափխրունություն», «Սև Կարապ», «Պրոկրուստյան Մահիճ», «Երբ Խաղադրույքը Սեփական Մաշկդ է», «Պատահականության Խաբկանքից Մոլորվածները», որոնցում առկա նորահայտ մոտեցումները հասարակական քաղաքական և տնտեսական զարգացումների և իրադարձությունների վերաբերյալ էական ազդեցություն են ունեցել արդի քաղաքական և տնտեսական մտքի, քաղաքական կառուցակարգերի փոփոխության գործընթացի վրա: Հնգհատորյակը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության, խաղաղ ապրելու հայեցակարգերի և գաղափարական ու կիրառական սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նասիմ Նիկոլաս Թալեբն իր խոսքում անդրադարձել է նաև «սփյուռք» երևույթին և, մասնավորապես, հայկական սփյուռքին, նշելով, որ, լիբանանյան ծագում ունենալով, սերտ հարաբերություններ ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից աշխարհում կրթության ոլորտում և, ընդհանրապես. հանրային կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Սյունիքում առաջիկայում կառուցվելու են երկու «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն»-ներ և առաջարկել է հյուրին ապագայում Հայաստան գալու հնարավորության դեպքում այցելել նաև երկրի հարավ:

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում