Միջազգային

ԱՄՆ-ն ևս 300 զինվորականի կտեղակայի Կենտրոնական հրամանատարության գործողությունների շրջանում 

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ևս 300 զինվորականի կտեղակայի Կենտրոնական հրամանատարության գործողությունների շրջանում 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներից լրացուցիչ 300 զինվորական կմեկնի ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գործողությունների շրջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

Նա լրագրողների հայտնել է, որ այդ զորքերը կհամալրեն արդեն տարածաշրջանում գտնվող զորքերի կազմը և չեն մեկնի Իսրայել։

«Նրանց նպատակն է աջակցել տարածաշրջանում զսպման ջանքերին և է՛լ ավելի ուժեղացնել ԱՄՆ զինված ուժերի պաշտպանական կարողությունները», - ասել է նա լրագրողներին։

Պաշտոնյան նաև նշել է, որ Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերը պաղեստինաիսրայելական վերջին հակամարտության ընթացքում մի քանի հարձակման են ենթարկվել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի կողմից։ Ըստ Ռայդերի, ընդհանուր առմամբ, եղել է 27 հարձակում՝ 16-ը՝ Իրաքում, 11-ը՝ Սիրիայում։ Հարձակումների հետևանքով տուժածներ չկան։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սենատի հատկացումների հանձնաժողովին դիմել է լրացուցիչ բյուջե հատկացնելու հարցով, որը պետք է ծառայի երկրի ազգային անվտանգության կարիքների ֆինանսավորմանը, գործընկերներին աջակցությանը և պաշտպանական արդյունաբերությունում ներդրումներին։

Պենտագոնի խոսնակը նշել է, որ գերատեսչությունը խնդրում է 10,6 միլիարդ դոլար՝ օգնելու Իսրայելին պաշտպանել իրեն, 44,4 միլիարդ դոլար՝ օգնելու Ուկրաինային շարունակել իր պաշտպանությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում, ինչպես նաև 3,3 միլիարդ դոլար՝ ԱՄՆ ռազմական պահանջները բավարարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում